211652_close_icon
views-count1057 դիտում article-date 10:51 01-03-2024

Ինձ՝ 28 տարեկան տղայիս համար դա մի սարսափ էր, չէի հավատում, որ նման բան հնարավոր է. Ալեն Սիմոնյանը՝ «Մարտի 1»-ի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է մարտիմեկյան դեպքերին։
«2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ինձ զանգահարեց Գևորգ Ալթունյանը, ասաց՝ ցրել են ժողովրդին: Արագ հագնվեցի և գնացի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկ: Ստեփան Շահումյանի անվան դպրոցի մայթին կանգնած նայում էի, թե ինչ է կատարվում դիմացի մայթին:

Չէի հավատում, որ նման բանի ականատես կլինեմ. ինչպես են Երևանիս կենտրոնում առանց ամաչելու սաղավարտավոր հայ տղերքը հայ մարդկանց առանձնակի դաժանությամբ ծեծելով, հարվածելով գրոհում: Գուցե հիմա այս դաժան աշխարհում դա այնքան էլ անսովոր բան չէ, բայց ինձ՝ 28 տարեկան տղայիս համար դա մի սարսափ էր, ուղղակի չէի հավատում, որ նման բան հնարավոր է:

Հետո Մարիամը եկավ, և ամբողջ օրը եղել ենք փողոցներում. Սունդուկյանի անվան թատրոնի մոտ Գևորգի հետ այրվող Վիլիս մակնիշի ավտոմեքենա փորձեցինք մարել, հետո Նիկոլը եկավ (այն ժամանակ իրեն անձամբ չէի ճանաչում), հետո լուսահիշատակ Վիգեն Խաչատրյանին (Վիգեն Սուրենիչին) հանդիպեցինք, և ամբողջ գիշեր կողքս էր, չէր թողնում Մյասնիկյանի արձանից առաջ գնանք, միասին նայում էինք վերև ու էլի չէինք հավատում, որ Երևանի քաղաքապետարանի ֆոնին՝ երկնքում, կրակոցներ են տեղում: 

Հետո հայը սպանեց հային՝ 10 հոգի մահացավ, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին: Այդ ամենը մի բանի համար՝ որպեսզի իշխանությունն իր «աթոռը» պահպանի: Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար! 

Այդ օրը ինձ համար որոշում կայացրեցի, որ կա՛մ մեկընդմիշտ կլքեմ Հայաստանը, կա՛մ կանեմ ամեն ինչ, որ նման բան էլ երբեք չկրկնվի»։

Նմանատիպ նյութեր