211652_close_icon
views-count8514 դիտում article-date 22:44 12-02-2019

«Վստահ եմ՝ տղայիս սպանել են». հունվարի 1-ին մահացած զինծառայողի մայրը չի հավատում ինքնասպանության վարկածին

Հունվարի 1-ին հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Այս մասին [url=https://news.am/arm/news/495994.html?fbclid=IwAR0B2W5i99P1gZ3kTPHCS5rMwY4dM8zwnxfMgZXoYqmwzviKAE3XRYtKOuI]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Էդգարի մայրը` Ալինա Սարգսյանը: «Ես վստահ եմ` իմ տղային սպանել են, ինքը նման բան չէր անի, ինքը կյանքով լեցուն, նպատակներ շատ ուներ: Ես իմ երեխային չեմ պաշտպանում, բայց Էդգարը նման քայլի չէր կարող դիմել, սա աբսուրդ է, եւ ես զարմանում եմ, որ էդ 8-9 հոգին միասին են եղել, միթե՞ նրանց մեջ խիղճը չի խոսում: Մեկ է՝ վաղ, թե ուշ նրանք պատասխան են տալու Աստծո առաջ, իրենց խղճի առաջ եւ ոնց են հանգիստ գլուխները բարձին դնում»,- ասաց Էդգարի մայրը: Տիկին Ալինան նշեց, որ Էդգարի վնասվածքը կրծքավանդակի շրջանում է, ինչը նույնպես բացառում է ինքնասպանության վարկածը: «Քննչական մարմինները զբաղվում են այդ հարցով, ես հուսով եմ, որ ամեն ինչ կբացահայտվի: Եթե ինքնասպանության վարկածը կար, սկզբից թող ասեին ինքնասպանություն է, ինչու են բոլորը վախենում, անընդհատ իրենց խոսքը փոխում»,- ասաց նա: Տիկին Ալինան խիստ վրդովված խոսեց պաշտպանության նախարարի այսօրվա ելույթի մասին, զարմացել էր, թե ինչպես կարող էր ծառայության մեջ գտնվող որդու մահը կապված չլինել ծառայության հետ: «Մեր նախարարը շատ գեղեցիկ պատասխանեց, որ դա ռազմական չէ, դրա համար էլ չենք հայտնել, կարեւոր չենք համարել: Շատ ապրի մեր նախարարը, շատ գեղեցիկ խոսեց, ես նման լավ մարդկանց պայծառ ապագա եմ ցանկանում, թող ոչ մեկը նման կորուստ չունենա: Բայց էդպես չի կարելի, ոնց թե ռազմական չի եղել, չէ՞ որ ծառայության մեջ էր»,- ասաց նա: Պնախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարել էր, որ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ տեղեկատվություն, և դա չի արել տարիներ շարունակ: «Հիմա փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչի հետ է կապված եղել, որովհետեւ հաշվի առնելով, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- հավելել է նա: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/495994.html?fbclid=IwAR0B2W5i99P1gZ3kTPHCS5rMwY4dM8zwnxfMgZXoYqmwzviKAE3XRYtKOuI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր