211652_close_icon
views-count48345 դիտում article-date 18:44 28-02-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ պարեկները բազմաթիվ այրվածքներ ստացած քաղաքացուն նախ օգնություն են ցուցաբերել, ապա պարեկային ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Արթուր Պողոսյանն ու Անուշ Նահապետյանը ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացի և հայտնում, որ Վերին Պտղնի գյուղի թիվ 1-ին հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտենում են հրդեհի վայր, այդ ընթացքում էլ դեպքի մասին տեղեկությունը փոխանցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Մինչ հրշեջների ժամանումը՝ պարեկները «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 38-ամյա Արսեն Դ․-ին, ով այրվածքներ է ստացած լինում, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա տեղափոխում «Աբովյան» բժշկական կենտրոն․ ճանապարհին պարեկները նկատում են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, կանգնեցնում են նրան և վիրավորին տեղափոխում շտապօգնության ավտոմեքենա։

Դեպքի վայր ժամանած թիվ 11 հրշեջ փկարարական ջոկատի փրկարարներին հաջողվում է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն էլ վիրավորին, ում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության տեղափոխում են Այրվացքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր