211652_close_icon
views-count979 դիտում article-date 12:20 23-02-2024

«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողներից մեկի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում», իսկ երկուսի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն»

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնում իրականացված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 3 ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Մ․Դ․-ն, վերազանցելով իր ծառայողական լիազորությունները, «իրեն արտոնյալ զգացող» կալանավորված անձին զբոսանքից խուց տեղափոխելուց հետո տևական ժամանակ բաց է թողել վերջինիս խցի դուռը՝ մյուս խցերում պահվող ազատազրկված անձանց նկատմամբ ընդգծելով և ամրապնդելով տվյալ կալանավորված անձի «առավելությունը» և իր գործողություններով արատավորելով քրեակատարողական ծառայողի պատիվն ու հեղինակությունը։ Բացի այդ՝ Մ․Դ․-ն՝ որպես պահակետի ավագ, չի իրականացրել հսկողություն իր ծառայակիցների կողմից իրենց պարտականությունները կատարելու նկատմամբ։ 

Նույն բաժնի կրտսեր խմբի ծառայողներ Ս․Ս․-ն և Գ․Բ․-ն ևս ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, մասնավորապես տևական ժամանակ չեն իրականացրել հսկողություն խցերում տիրող իրավիճակի նկատմամբ, չեն ստուգել խցերի դռների փականները և չեն ձեռնարկել որևէ միջոց դեպի զբոսահրապարակներ տանող դուռը փակ պահելու ուղղությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ Մ․Դ․-ի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում», իսկ Ս․Ս․-ի և Գ․Բ․-ի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:
Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների կողմից օրինախախտ գործողությունների կանխմանն ու վերացմանը։

Նմանատիպ նյութեր