211652_close_icon
views-count1096 դիտում article-date 18:21 15-02-2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կամբոջայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կամբոջայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պիչխուն Պանյան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս նշանակումը կծառայի երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ առավելագույն ջանք կներդնի Հայաստանի և Կամբոջայի միջև փոխգործակցության ակտիվացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցային ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի վերաբերյալ հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը:

Կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում գործակցության խթանման հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպմանը կարևորվել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում շփումների ակտիվացումն ու գործընկերության ամրապնդումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության խթանման հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր