211652_close_icon
views-count496 դիտում article-date 13:05 07-02-2024

Բոյկոտի «անձրևանոցի» տակ անգործություն մի՛ արեք, ավագանու անդամ լինելը պարտականություն է․ Ավինյան (տեսանյութ)

Մեր որոշ գործընկերներ, ավագանու անդամներ իրապես չեն հասկանում այն, ինչ այսօր տեղի է ունենում, որովհետև մենք չենք զրկում որևէ մեկին մանդատից, քանի որ նրան չենք սիրում, չենք զրկում որևէ մեկին ավագանու մանդատից, որովհետև նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում։

Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ իրենք զրկում են մանդատից ավագանու այն հինգ անդամին, ովքեր ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։

«Անկեղծ լինեմ՝ Սոնա Աղեկյանի մասով ես էլ որոշակի ափսոսանք ունեմ, բայց կա սկզբունք, որը որոշվել է հենց այդ տրամադրությամբ։ Օրենքը շատ հստակ է ասում։ Այն ասում է՝ բոյկոտեք այնքան, քանի դեռ 50 տոկոս քվեարկություններին մասնակցել եք, բայց բոյկոտի «անձրևանոցի» տակ անգործություն մի՛ դարձրեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է», - նշեց Ավինյանը։

Անդրադառնալով հարցի քաղաքական կողմին՝ Երևանի քաղաքապետը շեշտեց, որ իրենք չեն պատրաստվում անտեսել ընդդիմադիրների արած քայլերը։

«Ձեզ իրապե՞ս թվում էր, որ մենք պետք է ձեռքերը ծալենք, ասենք՝ ամեն ինչ արեք, տապալեք բոլոր նախագծերը, բոյկոտեք, մենք էլ ասենք՝ վայ մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞։ Պարոն Թորոսյանն ասում է՝ մի հանեք ոչ մեկին։ Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչո՞ւ պետք է չհանենք։ Ո՞վ է ասել, որ օրենքի երեք տարբեր հոդվածով մեզ տրված լիազորություններից մենք չպետք է օգտվենք։ Եվ սա չունի վենդետայի տրամաբանություն։ Սա կոնկրետ տրամաբանություն ունի։ Ուզում եմ վստահեցնել, որ եթե այս շարունակական բոյկոտի տրամաբանությունն անգործություն դարձնելու տրամաբանության վերածելը չդադարի, այս պրոցեսը չի դադարելու, որովհետև անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել։ Մենք անգործությանը որոշակի վերաբերմունք ենք ցույց տալու», - հավելեց նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր