211652_close_icon
views-count841 դիտում article-date 13:20 06-02-2024

ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման փորձ է իրականացվում, կրկին հանձնառություն ենք ստանձնում պայքարելու այս գործընթացի դեմ․ «Հայաքվե»

Ինքնակամ հանձնառություն ենք ստանձնում  պայքարելու գործող վարչախմբի կողմից սկսած հակազգային ու հակապետական գործընթացի դեմ։

Ասված է «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակել են Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հայաստանում փորձ է կատարվում իրականացնել սահմանադրական հեղաշրջում՝ ինչի մասին անթաքույց հայտարարել են գործող վարչախմբի ղեկավարը, և նրա տարաբնույթ կամակատարները։ Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից ու Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման։
Չակերտավոր նոր սահմանադրության ընդունման նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության հիմնական ազգային նպատակները՝ ազգային հզոր պետության կառուցում հայոց ցեղապսանության միջազգային ճանաչում և դատապարտում, Հայաստանի և Արցախի վերամիավորում։ Գործող վարչախմբի ներկայացուցիչները իրենք են խոստովանել, որ այս ամենը արվում է Բաքվի և Անկարայի պարտադրանքով։

Նրանք հայ ժողովրդին սպառնում են նոր պատերազմով այդ պարտադրանքին չենթարկվելու դեպքում։ Փաստացի Արցախը թշնամուն սկուտեղի վրա հանձնելուց հետո նույն այդ թշնամու անմիջական հրահանգով նրանք ցանկանում են ժողովրդին շանտաժի ենթարկելով՝ հաստատել հակասահմանադրական այնպիսի մի կարգ, որը վերջ կդնի հայկական անկախ պետականության գոյությանը։ Այս հրեշավոր գործողությամբ փորձ է արվում օտարել հայությանը իր իսկ կողմից ստեղծած պետությունից, զրկել նրան իր պատմական իրավունքներից ու մշակութային ժառանգությունից, վերացնել հայ մարդու հիշողությունը և արժանապատվությունը,  իր պատմական հայրենիքում որպես լիարժեք քաղաքացի նրա բնական իրավունքը»,- ասվում է հայտարարության  մեջ։

Նշվում է նաև, որ հայ մարդուն առաջարկվում է ընտրություն կատարել  անպատվության ու պարտության միջև։
«Թեև անպատվություն ընտրողը արդյունքում ստանում է թե՛ պատերազմ,  թե՛ պարտություն, թե՛ կրկնակի անպատվություն։ Մենք ՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներս, մշտապես պայքարել ենք Անկախության հռչակագրում  ամրագրված ազգային նպատակները իրականութուն դարձնելու համար։ Մինչ այժմ մեր գործունեությունը բախվել է գործող վարչախմբի կատաղի դիմադրությանը։

Մեր մասնակիցների ու անդաների նկատմամբ շարունակաբար կիրառվող բռնաճնշումներին, իսկ վերջերս նաև Բաքվից եկող անթաքույց սպառնալիքներին։ Մեր երկրի համար այս ճակատագրական պահին մենք կրկին  ինքնակամ հանձնառություն ենք ստանձնում  պայքարելու գործող վարչախմբի կողմից սկսած հակազգային ու հակապետական գործընթացի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Խորհրդի անդամները կոչ արեցին պետության ճակատագրով մտահոգ ուժերին ու կազմակերպություններին ևս միանալ իրենց։

Նմանատիպ նյութեր