211652_close_icon
views-count40058 դիտում article-date 20:43 02-02-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Lada-ն կոտրել է գազախողովակի սյունն ու հայտնվել Mercedes-ի վրա․ մի խումբ ջահելներ «աքլոր էին կտրել», սակայն հենց պարեկներն ու «կարմիր բերետ»-ները ժամանեցին, դարձան «թուխս նստած հավեր»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցում՝ թիվ 37 մանկապարտեզի դիմաց Lada Priora մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին ապա հայտնվել  թիվ 33/1 տան դիմաց կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև նշված տան երկաթե դարպասը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄԻ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները։
Գազատար խողովակից գազի արտահոսք է սկսվել և նշված հատվածում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Դեպքի վայրում վիճաբանություն, քաշքշոց է սկսվել և միմյանց հասցեին հայհոյանքներ էին հնչեցնում մի քանի քաղաքացիներ, իսկ նրանցից մի քանիսը խոչընդոտում էին հրշեջների և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներին։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն եթե ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի  ծառայողներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները մի քիչ ուշանային, ապա «կոկոններ»-ը տաքացրած հիմնականում Mercedes-ի տերն ու նրա ընկերները հակաօրինական գործողություններ կկատարեին, սակայն երբ պարեկները, «կարմիր բերետներ»-ն ու Մաշտոցի ոստիկանները ժամանեցին «առյուծի կաթ կերած» ու «աքլոր կտրած» վիճաբանության մասնակիցները դարձան «թուխս նստած հավեր»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր