211652_close_icon
views-count1087 դիտում article-date 11:18 02-02-2024

«Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կինը չլիներ, միգուցե այլ կերպ լիներ». փաստաբան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, 2023-ին աշխատել է «Սիներջի» ընկերությունում, որը տարբեր ծրագրեր է կառուցում ու վաճառում, իսկ էկոնոմիկայի նախարարությունը հանդիսացել է պատվիրատու:

Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Անի Գեւորգյանը օգնել է նախարարության աշխատակիցներին այնպիսի գործողություններ կատարելու հարցում, որ «Սիներջին» դառնա մրցույթում հաղթող:

«Բայց իրականում այդ գործընթացի սկզբնական փուլից հետո Անի Գեւորգյանն առհասարակ այդտեղ չի աշխատել ու չի էլ իմացել հաղթող ճանաչվել է «Սիներջին», կամ ով է ճանաչվել: Ես մի քանի տեղ տեսա ինչ-որ գումարների հասնող չարաշահումների մասին են գրել, առհասարակ այդ գումարներն ու չարաշահումները դրա հետ կապ չունեն, այն ծրագիրը, որը պետք է օգտագործեր պետությունը, որը փաստացի չի օգտագործել, նյութականի հետ ընդհանրապես կապ չունի: Իսկ Անի Գեւորգյանի գործողություններն էլ, այս պահի դրությամբ կարծում ենք՝ ընդամենը մեկնաբանության խնդրիր է, թե Անի Գեւորգյանն ինչ է արել, արդյոք իր պարտավորությո՞ւնն է արել, թե՞, ըստ մեղադրանքի, օժանդակել է նախարարության աշխատակիցներին:

Բնականաբար, մենք չենք ասում, որ ինքն օժանդակել է, ինքն իր աշխատանքային պարտականություններն է կատարել, իր պարտականությունների մեջ է եղել ոչ միայն ՀՀ, այլեւ 300 այլ պետությունների հետ համագործակցող տենդերների մատակարարումը, այսինքն՝ տեսնի, որտեղ ինչ մրցույթ կա, մասնակցեն, հաղթեն, իսկ ՀՀ-ն այդ ամբողջի մեջ կազմում էր շատ քիչ տոկոս։ Երկրորդ, թե երրորդ դեպքն էր, որ այդ ընկերությունը ՀՀ-ին ծրագիր է վաճառել» ,- մեզ հետո զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Մեր զրուցակցի խոսքով, Ալեն Սիմոնյանի հանգամանքն ավելի շատ խանգարեց Անի Գեւորգյանին. «Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կինը չլիներ, միգուցե այլկերպ լիներ»:

Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը երեկ ձերբակալվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում սկսված ձերբակալություններին հաջորդած վարույթի շրջանակում: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել քրեական վարույթի մասին, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն անհնար անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նմանատիպ նյութեր