211652_close_icon
views-count1231 դիտում article-date 11:06 25-01-2024

Քաղաքական բանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ արձագանքել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ իրեն ուղղված գրառմանը:
Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, նշել է.

«Ուշադրությամբ կարդացի Ավետիք Իշխանյանի՝ ինձ ուղղված հարցերը, որոնք հեղինակն եզրափակել էր այսպես. «Այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում, համոզված եմ, որ ինքս Ձեզ կհամարեմ քաղբանտարկյալ»։
Նախեւառաջ, առնվազն տարօրինակ եմ համարում, երբ փորձառու իրավապաշտպանը այս կամ այն մարդուն քաղբանտարկյալ համարել-չմամարելը պայմանավորում է այս կամ այն հարցերին պատասխանելով: Առավել զարմանալի է, որ իրավապաշտպանը հարցերը ձեւակերպել է այնպես, որ ցանկացած պատասխանի դեպքում իրեն իրավունք վերապահի կասկածներ հայտնել դրանց անկեղծության մակարդակի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, որոշեցի անդրադառնալ պարոն Իշխանյանի հրապարակմանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի եւ գերատեսչության ղեկավարի պաշտոններում մշտապես կարեւորել եմ գործակցությունը քաղաքացիական հասարակության, եւ, մասնավորապես, իրավապաշտպան կառույցների հետ: Միասին մենք ծավալուն աշխատանք ենք կատարել Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական` այս դեպքում հասարակական կազմակերպությունների կողմից վերահսկողություն հաստատելու եւ ամրապնդելու համար:
Պարոն Իշխանյանի տրված հարցերին վերջին երեք տարիների ընթացքում պատասխանել եմ՝ հարցազրույցների, հայտարարությունների միջոցով, ինչպես նաեւ 2023 թվականի օգոստոսին ԱԺ քննիչ հանձնաժողովում ունեցածս ելույթի եւ հարց ու պատասխանի ընթացքում, որոնք հեռարձակվել են ուղիղ եթերում:

Կարծում եմ, իրականում պարոն Իշխանյանը տեղյակ է իմ դիրքորոշմանը, իսկ հարցեր հնչեցնելու իրական նպատակը ինձ քաղբանտարկյալ ճանաչել կամ չճանաչելը չէ եւ դուրս է իրավապաշտպան գործունեության շրջանակներից:

Վերջին 2.5 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ ապօրինաբար զրկված եմ ազատությունից՝ շինծու քրեական գործով: Բազմիցս պահանջել եմ բաց դատավարություն անցկացնել: Փաստաբաններս խափանման միջոցը փոխելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել: Որեւէ դեպքում հանրային արձագանք չեմ լսել որեւէ իրավապաշտպանի կողմից: Ցավոք, մեր հասարակության մեջ տեղ գտած բեւեռացումը արտացոլվում է նաեւ իրավապաշտպանների շրջանում, որոնք նույնիսկ ազատությունից ապօրինի զրկված մարդկանց բաժանում են «յուրայինների» եւ «օտարների»՝ մոռանալով, որ օրենքը բոլորի համար է: Իմ դեպքում խնդիրը, հավանաբար, առավել բարդ է, քանի որ քաղաքական ուժերի եւ դրանց հարող իրավապաշտպանների համար ես ո՛չ «յուրային» եմ, ո՛չ էլ «օտար»:

Բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ պատասխանատվություն կրել արածներիս համար, բայց ոչ՝ չարածներիս: Քաղաքական բանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ, առավել եւս՝ վերջնագրի ձեւով կազմված հարցաշարին պատասխանելու միջոցով: Կարծում եմ, որ եթե պարոն Իշխանյանը եւ այլ իրավապաշտպաններ իսկապես ցանկանում են պատասխաններ լսել ինձնից, կարող են օգտագործել իրենց տիրապետության տակ եղած գործիքակազմը եւ միանալ բաց դատավարության մասին իմ պահանջին:
Հ.Գ. Հարգելի պարոն Իշխանյան, որպես երկրաբանը երկրաբանին դիմելով, անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ «գոտեպնդվել»՝ ինչպես ասվում է Ձեզ հայտնի «Геологи» երգում: Եվ հիշեցնել եւս մի հատված նույն երգից. «Կյանքում էլ մենք կարող ենք թանկագին հանքաքարը տարբերել դատարկ ապարից»:

Հիշեցնենք, որ օրերս Ավետիք Իշխանյանը հրապարակավ հարցեր էր ուղղել Դավիթ Տոնոյանին.

«Կարդացի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ՔԿՀ-ից ուղարկված հայտարարությունը։ Քանի որ նա գտնվում էր անազատության մեջ, թերևս այնքան էլ ճիշտ չէր, նրան հարցեր ուղղել, որի մասին վաղուց էի մտածում։ Նրան խնայեցի նաև, երբ նա այցելեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձանաժողով։ Սակայն, այժմ արդեն, որոշեցի մի քանի հարցեր ուղղել Դավիթ Տոնոյանին։

1․Պարոն Տոնոյան, երբ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ և դրանից հետո, հեղափոխականները անվանարկում, ծաղրում, հայհոյում էին, իրենց խոսքերով՝ «նախկիններին», այն է՝ Ձեր նախկին գործընկերներին։ Դուք անձամբ, ինչպե՞ս էիք Ձեզ զգում և Դուք ինքներդ Ձեզ համարու՞մ էիք նախկին։ Եթե ոչ, ապա․․․

2․ Պարոն Տոնոյան, Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, առ այն, որ այդ հանձնաժողովի կոչվածի և նրա նախագահի նպատակը, 44-օրյա պատերազմի պարտության մեղավոր ՀՀ զինված ուժերին ճանաչելն է։ Մեղավոր ճանաչելով զինված ուժերին՝ բնականաբար մեղավոր են բանակի հրամանատարությունը, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ մինչ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից առաջ՝ նախկինները։ Այն որ, հանձնաժողովի նախագահը տարածում է բամբասանքներ և զրպարտություններ, նույնպես համաձայն եմ, բայց արդյոք, Դուք այդ մասին նո՞ր եք իմանում։ Իսկ, երբ այդ նույն անձնավորությունը գլխավորում էր նույնանման, բայց 4-օրյա պատերազմին վերաբերվող հանձանաժողովը, չնկատեցի՞ք, որ նույն բամբասանքի և զրպարտության ոճով էր նա  շարժվում։ Թե՞, այն ժամանակ, Դուք անվերապահորեն հավատում էիք, ինչպես վարչապետ կոչեցյալին, այնպես էլ նրա կողմից նշանակված հանձնաժողովի նախագահին։ Եթե այո, ապա․․․

3․Պարոն Տոնոյան, որպես պաշտպանության նախարար, արդյոք Ձե՞ր որոշումն է  եղել, որ պատերազմի 4-րդ օրը չեղարկվել է զորակոչը և սկսվել է կամավորական ջոկատների կազմավորումը։ Եթե ոչ, ապա հարց է առաջանում, Դուք այդ որոշման հետ համաձայն եղե՞լ եք։ Եթե ոչ, ապա․․․

4․ Հայտնի է, որ մինչև նոյեմբերի 9-ը, Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինը երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Արդյոք, Դուք տեղեկացված եղե՞լ եք այդ մասին։ Եթե այո, ապա  Դո՞ւք եք առաջարկել մերժել առաջարկությունները։ Եթե ոչ, ապա․․․

5․ Ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում, ժողովրդին իր ստերով մոլորեցնում էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա Ձեր հրահանգով էր գործու՞մ։ Եթե ոչ, ապա․․․

6․Պարոն Տոնոյան, երբ Դուք զգացիք, որ պատերազմը տանուլ ենք տալիս, ի՞նչ քայլերի կարելի էր գնալ, որ Դուք չհամարձակվեցիք անել։ Եթե հնարավոր էր և չհամարձակվեցիք անել, ապա․․․

7․ Վերոնշյալ հարցերին պատասխանելուց հետո, գալիս է գլխավոր հարցը․ Պարոն Տոնոյան, եթե պարտության մեղավորը զինված ուժերը չեն եղել, ապա ինչո՞ւ չեք մատնանշում հիմնական մեղավորին։ Արդյոք, դեռևս հավատո՞ւմ, խնայո՞ւմ եք նրան, թե՞ վախենում եք նրանից։ Եթե այո, ապա․․․

8․ Եվ վերջապես վերջին հարցը։ Պարոն Տոնոյան, Ձեր հայտարարությամբ, դիմել եք գլխավոր դատախազուհուն։ Այսինքն, Դուք հավատում եք, որ նա գործում է անկախ և  անաչա՞ռ։ Արդյո՞ք, Ձեր պաշտոնավարման ժամանակ գլխավոր դատախազը գործում էր օրենքով և պատվերներ չէր կատարում։ Թե՞ Դուք զբաղված էիք զինված ուժերով և չէիք նկատում Ձեր նախկին գործընկերների նկատմամբ սարքված քրեական գործերն ու հալածանքները։ Եթե այո, ապա․․․

Այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում, համոզված եմ, որ ինքս Ձեզ կհամարեմ քաղբանտարկյալ»:

Նմանատիպ նյութեր