211652_close_icon
views-count6075 դիտում article-date 17:25 19-01-2024

Պետք է բարձրացնել կարգապահությունը՝ բացառելով ցանկացած բռնություն. Վահե Ղազարյան (տեսանյութ)

Հունվարի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։

Վահե Ղազարյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության գործունեությանը: Նա հանձնարարել է ակտիվացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Նախարարը առանձնահատուկ կարևորել է հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև կանխարգելիչ հետևողական միջոցառումները:

Վահե Ղազարյանն ընդգծել է հատկապես ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կարգապահության բարձրացման կարևորությունը՝ առանձնահատուկ շեշտելով բռնության ցանկացած դրսևորման բացառումը։

Նա անդրադարձել է նաև ատեստավորման գործընթացին, խոսել փուլերի հաղթահարման արդյունքում ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հնարավորությունների մասին։

Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման միտումին՝ Վահե Ղազարյանը խոսել է պարեկային ուժեղացված ծառայությունների կազմակերպման ու անցկացման խնդիրների մասին, նշել առկա թերություններն ու բացթողումները և դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:
ՆԳ նախարարը խոսել է նաև նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության և սահմանված չափորոշիչների մասին։

Խորհրդակցության ավարտին Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է առկա թերացումներին և տվել առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել ողջ ծավալով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր