211652_close_icon
views-count42273 դիտում article-date 15:11 03-01-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Պաշտպանության նախարարության մոտ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Մհեր Մակարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Բագրևանդի փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլեկտրասյունը մասամբ թեքվել է, իսկ վրայի լույսը՝ կոտրվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 15-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Հարությունյանն ու պարեկ Դավիթ Առաքելյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հենրիկ Սահրադյանի գլխավորույթամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր