211652_close_icon
views-count92989 դիտում article-date 10:25 14-12-2023

Երևանում 25 և 26-ամյա երիտասարդ տղաները հրազենային ու դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. հայտնաբերվել է Mercedes, որի մեջ առկա են եղել արնանման հետքեր. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը:  

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Ալբերտ Սեպյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի հրազենային, կրծքավանդակի կտրած-ծակած, բազկի կտրած» վերք, և 26-ամյա Բաբկեն Մաթևոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի հետին պատի կտրած - ծակած» վերք ախտորոշմամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերել են արնանման հետքեր, և ըստ ստացված օպերատիվ տվյալների, նշված ավտոմեքենայով են վիրավորները տեղափոխվել հիվանդանոց:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը, և որտեղ են նշված անձինք վիրավորվել:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր