211652_close_icon
views-count53367 դիտում article-date 13:47 01-01-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «գլխի շրջանում հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 43-ամյա կին․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու ոստիկանության Շենգավիթի բաժի պետ Անդրանիկ Շահբազյանը։

Հիվանդանոցում բժշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտաշիսյան փողոցի 58 հասցեի բակից։

Նշված վայր ժամանած ոստիկանները, պարեկներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տեղի ունեցած դեպքի փաստով որոշ հանգամանքներ պարզել են, սակայն  նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հրապարակում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր