211652_close_icon
views-count98509 դիտում article-date 09:21 12-12-2023

Կոտայքի մարզի պարեկները՝ վաշտի հրամանատարի գլխավորությամբ, վտանգելով իրենց կյանքը, իրականացրել են հատուկ օպերացիա․ վնասազերծել են «յաշիկ»-ը առևանգողին ու Toyota Land Crauser-ը, որի մեջ եղել է կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության մեծ թվով պարեկներ իրենց օպերատիվությամբ չեն զիճում ոստիկանության քրեական հետախուզության ծառայողներին, գաղտնիք չէ։

Ապացույցը դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացված օպերացիան է, որի արդյունքում տաք հետքերով հայտնաբերվել են առևանգված ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Աշոտ Բադալյանը, չլինելով ծառայության մեջ (այդ օրը իր հանգստյան օրն էր), Արգել-Նոր Գեղի ճանապարհահատվածում ժամը 12։30-ի սահմաններում ընթանալիս է եղել, երբ նկատել է Mercedes G մակնիշի 27 KP 007 համարանիշի և Toyota Land Crauser մակնիշի 33 JJ 303 համարանիշի ավտոմեքենաները։ Ա․ Բադալյանը հիշում է, որ «յաշիկի» վրա տեղադրված համարանիշները իրենը չեն, այն պատկանում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից գողացված Range Rover մակնիշի ավտոմեքենային։ Այդ մասին նա հեռախոսակապով տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանին։ Վերջինս պարեկին հայտնում է, որ նա շարունակի հետևել ավտոմեքենաների շարժը մինչև իրենք կհասնեն Նոր Գեղի։ Պարեկը շարունակում է հետապնդումը և նկատում է, որ վերջինները Նոր Գեղի գյուղում՝ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անվան փողոցի 2-րդ փակուղում կանգնեցնում են յաշիկը, որի միջից վարորդը դուրս է գալիս և ուղևորվում է Toyota Land Crauser-ի մոտ, նստում այն և շարունակում են այս անգամ Toyota-ով երթևեկությունը՝ Ֆ․ Թևոսյան փողոցում։ 

Դ․ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարեկները բավականին օպերատիվ ու մի քանի ճանապարհներով, քանի որ Նոր Գեղիի այդ հատվածում մի քանի ճանապարհներ էին, ու հնարավոր էր՝ կասկածյալները այլ ճանապարհով ճողոպրեին, օպերատիվ ու գրագետ են գտնվում և Ֆ․ Թևոսյան փողոցում «կալմեջ» են անում կասկածյալներին, «փռում ասֆալտ»-ին ու գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ ձերբակալում են Toyota Land Crauser-ի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արտաշ Խ․-ին և ուղևոր, Երևանի բնակիչ 23-ամյա Վաչագան Ս․-ին, ով պարզվում է եղել է «յաշիկ»-ի վարորդը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել էր, որ Mercedes G մակնիշի ավտոմեքենայի հաշվառման իրական համարանիշը եղել է 53 PA 555, որ դեկտեմբերի 9-ին առևանգվել է Երևան քաղաքում և այդ առևանգման փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենան Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում առևանգել են։ 

Պարզվել է նաև, որ «յաշիկ»-ի վրա տեղադրված 27 KP 007 համարանիշները պատկանում են օտարերկրացի Պունգավանան Կարունանիդհին պատկանող Range Rover-ին։ 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ 

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ հնարավոր է այլ ավտոմեքենաներ էլ առևանգված լինեն նշված անձանց կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր