211652_close_icon
views-count1855 դիտում article-date 08:52 25-11-2023

ԲՀԿ-ից ՔՊ-ական դարձած պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը մշտապես ԱԺ ծեծկռտուքների էպիկենտրոնում է հայտնվում, հայտարարագրել է 1 անշարժ գույք։

Միանձնյա սեփականությամբ հողամասը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, որը ձեռք է բերվել 2011 թվականին։ Համբարձումյանը որպես անշարժ գույք բնակարան կամ անհատական բնակելի տուն չի հայտարարագրել։ Հարց է, թե որտեղ է ապրում Համբարձումյանը։ Կարեն Համբարձումյանը հեղափոխությունից հետո մի քանի ամիս զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Նրա աները Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է: Համբարձումյանը 2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից եւ արդեն «Իմ քայլ»-ի կազմում դարձավ պատգամավոր, այժմ էլ ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է:

Սակայն հետաքրքիր է, որ ԲՀԿ-ից լինելու եւ հենց այդ քվոտայով մարզպետ նշանակվելու փաստը ԱԺ պաշտոնական կայքում առկա նրա կենսագրությունից խնամքով թաքցված է: Նրա տարեկան եկամուտները կազմել են 7 մլն 513 հազար դրամ, որ միայն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 89 դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 200 հազար դրամ։ Համբարձումյանը 2018 թվականին հայտարարագրել է 2012 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի մեքենա։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր՝ ԲՀԿ-ի քվոտայով մարզպետ դարձած, ապա ճամբարափոխ եղած Կարեն Համբարձումյանն իրեն բավական ակտիվ է դրսեւորել 2021 թվականի օգոստոսի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Տեսանյութերից եւ ՀՔԾ ուղարկված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Կարեն Համբարձումյանը 1 անգամ ձեռքով եւ առնվազն 2 անգամ ոտքով հարվածում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր