211652_close_icon
views-count1201 դիտում article-date 20:28 24-11-2023

Եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանն անկախ լինելու շանս չէր ունենա․ վարչապետ

 2018 թվականի հեղափոխությունը եղավ՝ դրա համար այսօր Հայաստանի Հանրապետությունը դեռ ինքնիշխան անկախ պետություն լինելու շանս ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին։

«Եթե հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ զրո էր լինելու։ Դրա ապացույցը 2013 թվականի իրադարձություններն են։

Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ Եվրամիության հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, և ստորագրման պահին պետության ինքնիշխանության մակարդակը ոտի տակ տան, գնան 5-6 տարվա բանակցած փաստաթուղթը շպրտեն մի կողմ և ասեն՝ չէ չենք կարող, չենք ստորագրելու։ Այո, պետությունը կարող է որոշել լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է եվրաասոցացման համաձայնագիր կնքել։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ եթե դու ի վիճակի չես այդ թուղթը ստորագրելու, ապա ինչո՞ւ ես բանակցում։ Դրանից ավելի՞ մեծ պատիժ պետության հեղինակությանը։ Դրանից ավելի՞ անհարգալից վերաբերմունք պետության հանդեպ։ Դա այն բանի համար էր, որ անվտանգային մարտահրավերները հասցեագրվե՞ն։ Դա նրա համար էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը լավ տրամաբանությա՞մբ գնա։ Դրանից հետո ստացանք 2016 թվականի քառօրյա պատերազմը և բանակցային այն փաթեթը, որը, ըստ էության, լուծարել է Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2016 թվական օգոստոսին է տեղի ունեցել»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը Ազգային ժողովի ամբիոնից։

«Ինքը ընտրվեց վարչապետ, և հայտարարվեց պատերազմ, և հետո հեղափոխություն եղավ։ Եվ եթե հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը անկախ լինելու շանս չէր ունենալու։ Հիմա այդ շանսը ունենք։ Շատ բարդ է, շատ դժվար է, շատ մեծ սպառնալիքներ կան, բայց մենք այդ շանսը ունենք»,- ընդգծեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր