211652_close_icon
views-count59859 դիտում article-date 09:10 17-11-2023

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ապացուցեցին, որ ոստիկանություն-քաղաքացի կապը իր դրական արդյունքն է տալիս. հայտնաբերվել է աննախադեպ քանակի զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՆԳ նախարարն ու ՀՀ ոստիկանապետը հատուկ և խիստ հանձնարարականներ են տվել ոստիկանության ղեկավար կազմին, ինչպես նաև մարզային վարչությունների ու բաժինների պետերին, որ իրենց ամենօրյա հսկողության տակ են վերցնում այնպիսի հանցատեսակների դեմ պայքարի աշխատանքները, որոնց կանխման ու նախականխման մեջ մեծ դեր պետք է ունենան ոստիկանության բաժինների քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքների ծառայողնեերը, որ պարտադիր պետք է կամ օպերատիվ տեղեկություններով կամ քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ կատարեն և հայտնաբերեն ապօրինի զենք ու զինամթերք, անգամ կոլեգիայի նիստի ժամանակ Վ. Ղազարյանն ու Ա. Հովհաննիսյանը հերթական անգամ հնչեցրել են, որ քաղաքացիներին հորդորեն և վստահեցնեն, որ եթե իրենց մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը ինքնակամ հանձնեն իրավապահներին և եթե պարզվի, որ այդ զենքերով քրեորեն պատժելի հանցագործություններ տեղի չեն ունեցել, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հսկայածավալ աշխատանքներ են կատարել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև քաղաքացիների կողմից ինքնակամ ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացվել զենք-զինամթերք:

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ, հերթական անգամ ապացուցեցին, որ ոստիկանություն ու քաղաքացի անմիջական շփումը իր դրական արդյունքն է տալիս:

Երեկ այդ ամենի արդյունքում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները աննախադեպ զենք ու զինամթերք են հայտնաբերել Կոտայքի մարզում: Քաղաքացին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ ինքը օրեր առաջ հեռուստատեսությամբ տեսել է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղի ունեցած ժողովը և դրանից հետո ինքը Աբովյան քաղաքից դեպի Ջրաբերի ճանապարհ տանող «կանալ»-ի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություններից մեկի մեջ զենք զինամթերք է թողնում: 

Անմիջապես գործի են անցնում ոստիկանության Կոտայքի բաժնի, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները: Բռնելով Ջրաբերի ճանապարհը՝ ոստիկաններն ու պարեկները մոտ 2,5 ժամ որոնում էին այն վայրը, որտեղ քաղաքացին թողել էր զենք-զինամթերքը: Մոտ 4-5 կմ շառավղով տարածքը սանրելուց հետո ոստիկաններն ու պարեկները կիսակառույց շինության մեջ հայտնաբերում են կասկածելի պարկ, որտեղ էլ հայտնաբերվում է զենք զինամթերք:

Ահազանգով դեպքի վայր են ժամանում Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ: 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի կողմից նախաձեռնվում է քրեական վարույթ և ոստիկաններն ու պարեկները քննչական խմբի ներկայությամբ բացելով պարկը՝ այնտեղ հայտնաբերում են 1 հատ ակոսափող կարճեցված փողով հրազեն, 1 հատ կալաշնիկով տեսակի ինքնաձիգ, 1 հատ կալաշնիկով տեսակի ինքնաձիգ՝ առանց խզակոթի, 1 հատ ծալովի խզակոթով կալաշնիկով տեսակի, 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 3 հատ մակարով տեսակի ատրճանակ, 1 հատ որսորդական հրացան, 5 հատ կալաշնիկով տեսակի ինքնաձիգի փամփշտատուփեր, որոնցից մեկի մեջ եղել է 5,45 մմ տ/չ փամփուշտներ, 1 հատ մեծ տ/չ փամփուշտ, 4 հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի նռնակի պայթուցիչ, 1 հատ ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ ձեռքի նռնակ՝ իր պայթուցիչով, 1 տուփ, որի մեջ առկա է եղել 5.45 մմ տ/չ թվով 1080 հատ ինքնաձիգի փամփուշտներ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր