211652_close_icon
views-count2989 դիտում article-date 15:45 12-11-2023

Խորենացի-Նար-Դոս խաչմերուկը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը. Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Գրիլ հավերը սպառնում են ՀՀ ազգային անվտանգությանը:

Խորենացի-Նար-Դոս խաչմերուկի Խորենացու հատվածը բնակչության շրջանում առավել հայտնի է որպես «Գրիլների փողոց»:

Այստեղ գրիլ հավեր են վաճառում «Կարգին գրիլ», «Արշակի մոտ», «Գրիլ էյ էմ» և այլ կազմակերպությունները: Խաչմերուկը, կից փողոցները, դրանց հետիոտնային մայթերն ու ավտոճանապարհներն Ադրբեջանի, ՀԱՄԱՍ-ի, Իսլամական պետության, ՀԵԶԲՈԼԱՀ-ի կամ ՌԴ խաղաղապահների կողմից առայժմ գրավված չեն, հետևանար` հանդիսանում են ՀՀ անբաժանելի մասը: Ավելին` մայթերին և ավտոճանապարհներին տեղադրված չեն պետական նմուշի ճանապարհային արգելող նշաններ: Դա նշանակում է, որ Խորենացի-Նար-Դոս խաչմերուկը, կից փողոցները, դրանց մայթերն ու ճանապարհներն ազատ են հետիոտների, ավտոմեքենաների շարժի կամ վերջիններիս կայանման համար: Այսինքն` Երևան քաղաքի այդ հատվածում առայժմ ՀՀ ինքնիշխանությունը դե յուրե վերացված չէ:

Իրականում, Խորենացի-Նար-Դոս խաչմերուկի Խորենացու հատվածում հետիոտնային մայթ չկա, իսկ ավտոմեքենայով կայանումը ռիսկային է: Փորձեք և ինքներդ համոզվեք: Ես փորձեցի:

Ավտոմեքենաս «Արշակի մոտ» չգիտեմինչի դիմաց դեռ չէի հասցրել լիարժեք կայանել, երբ ինձ մոտեցավ ոմն մեկը և հետաքրքրվեց կայանման նպատակի (՞) վերաբերյալ: Դրանից անմիջապես հետո (դեռ պատասխանս չլսաց) պահանջեց, որ ավտոմեքենաս կայանեմ այնտեղ, «որտեղից պետք է գրիլ գնեմ» (՞): Այնուհետև, պահանջեց, որ հեռանամ (՞): Կրքերը բորբոքվեցին: «Արշակի մոտ»- ից դուրս եկան ևս մի քանիսը: Բոլորը համամիտ էին իրենց «գործընկերոջ» հետ և միաբերան պահանջում էին իմ հեռանալը (՞): Պատճառաբանում էին, որ ավտոճանապարհի այդ հատվածն «իրենցն է», իսկ այնտեղ ավտոմեքենա կայանողը «Արշակի մոտ»-ից գրիլ հավ գնելու «պարտավորություն» ունի: Սառնասիրտ էի: Գործս միայն ավարտելուց հետո հեռացա:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ն հաստատեց, որ Խորենացի-Նար-Դոս խաչմերուկը, կից փողոցները, դրանց մայթերն ու ճանապարհներն ազատ են հետիոտների, ավտոմեքենաների շարժի կամ վերջիններիս կայանման համար, հետևաբար` հերքվեց խաչմերուկի` Ադրբեջանի, ՀԱՄԱՍ-ի, Իսլամական պետության, ՀԵԶԲՈԼԱՀ-ի կամ ՌԴ խաղաղապահների կողմից գրավված լինելու ողջամիտ կասկածը: Միաժամանակ` ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը խոստացավ «միջոցներ ձեռնարկել» Խորենացի-Նար-Դոս խաչմերուկում ՀՀ ինքնիշխանությունը վերականգնելու համար:

Կարծում եմ, որ Խորենացի-Նար-Դոս խաչմերուկում ՀՀ ինքնիշխանության վերականգնմամբ պետք է զբաղվի նաև Երևանի քաղաքապետարանը:

Խաչմերուկով չզբաղվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Ի վերջո, Խորենացի-Նար-Դոս խաչմերուկը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը»:

Նմանատիպ նյութեր