211652_close_icon
views-count1042 դիտում article-date 10:51 12-11-2023

Լավ է, որ մեր գործընկերներից ոմանք արձագանքել են 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի խնդրին․ Միքայել Բադալյան

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավ է, որ մեր գործընկերներից ոմանք արձագանքել են 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի խնդրին:

Նայեցի Սմբատ Հովհաննիսյանի վերջին հարցազրույցը: Շատ լավ կլիներ, որ հանրային հեռուստաընկերությունը, որը նաև դասագրքի վերաբերյալ երկու անգամ հրավիրել է Սմբատ Հովհաննիսյանին, նույնկերպ հրավիրեր դասագրքի բովանդակության վերաբերյալ առողջ քննադատություն հնչեցրած գիտնականների: Դասագրքի հեղինակը կրկին խոսեց ՈՒրարտուի մասին, ընդունեց, որ շփոթմունք եղել, հետո ասեց, թե ինչպես ներկայիս Հայաստանը կարող էր լինել այդ քարտեզում, եթե նրանք ներկայացրել են Իշպուինիի ժամանակաշրջանի քարտեզը: Այնուհետև հավելեց, որ իբր այդպես են քարտեզը կազմել, քանի որ դա է պատմագիտական ճշմարտությունը: Հարգելի Սմբատ, այդ դեպքում, Դուք տվյալ թեմայի մասնագետ չեք և հեռու եք պատմագիտական ճշմարտությունից: Թե ինչպես նույնիսկ Իշպուինիի և Մենուայի կառավարման ժամանակ առնվազն Հայաստանի հանրապետության մի մաս կարող էր լինել ՈՒրարտուի կազմում, անդրադարձել եմ իմ գրառումներից մեկում: ՈՒրարտուն հայ ժողովորդի պատմության, մեր ինքնության ձևավորման կարևորագույն մասն է:

Եվ եթե Դուք , ՈՒրարտուն ներկայացնում եք Ձեր ընտրած միապետի ժամանակաշրջանով, ընդ որում, դա Ձեր արդարացումն եք, ուրեմն ես հիմքեր ունեմ կարծելու, որ Դուք, ՈՒրարտուի քարտեզն առանց այսօրվա Հայաստանի տեղադրելով, ունեցել եք միտում: Ինչ վերաբերում է ականջահաճո օազիսների ու տափաստանների տեսություններին, խորհուրդ կտամ Ձեզ դասագրքերում չտեղադրել վաղուց հնացած տեսություններ: Եթե Դուք նշում եք, թե դասագրքում նշել եք, որ մենք գենետիկ ուսումնասիրությունների համաձայն բնիկ ենք, ապա այդ դեպքում ինչու եք հենց առաջինը շրջանառել բալկաններից մեր նախնիների եկվոր և գաղութարար լինելու վարկածը: Այս դեպքում ես ևս իրավունք ունեմ ենթադրելու, որ Դուք ևս ունեցել եք միտում...Դասագրքի առնվազն նախապատմական և հնագույն ժամանակաշրջաններին վերաբերող գրեթե յուրաքանչյուր էջում կան սխալներ:

Իրականում, հարգելի Սմբատ, այս դասագրքի պատասխանատվությունը Ձեզ հետ կիսում է Մասնակցային դպրոցը: Հարցրեք Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանին, արդյոք մենք ուղիղ կապ ունե՞նք ՈՒրարտուի հետ, թե՞ ոչ, արդյոք նրա համար ընդունելի՞ են հայոց ինքնություն, ժառանգություն, հայոց ազգ հասկացությունները։ Հարցրեք արդյոք Երևանը կապ ո՞ւնի Էրեբունու հետ, թե՞ դա սովետի հնարած միֆն է։

Իսկ դասագիրքը Ձեր կարդացած վարկածների ու ենթադրությունների տեղադրելու տեղ չէ: Կգա ժամանակ, գուցե մենք էլ չենք լինի, բայց անաչառ պատմաբանները կտան այս ամենի գնահատականը...»։

Նմանատիպ նյութեր