211652_close_icon
views-count95471 դիտում article-date 18:24 10-11-2023

Արտակարգ ավտովթար Արմավիրի մարզում. Freightliner բեռնատարը կողաշրջվել է, կցորդիչն էլ ընկել է Mercedes-ի վրա. Mercedes-ը վերածվել է «թղթե գարդոն»-ի. վիրավորներին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում վրացական համարանիշներով կցորդիչով Freightliner բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով կցորդիչը ընկել է  Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա և, ինչպես ժողովուրդն է ասում է, Mercedes-ը  վերածվել է «թղթե գարդոն»ի:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին, որոնք տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝  գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և Մեծամորի դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Արմավիրի գումարտակի պարեկները, ովքեր դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին:

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավթի Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ավտոմեքենան դարձի բերելու համար դեպքի վայր պետք է բերվի վերամբարձ կռունկ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր