211652_close_icon
views-count763 դիտում article-date 12:09 10-11-2023

Վայոց ձորի մարզպետարանի վարչության նախկին պետը մարզի դպրոցներին և համայնքապետարաններին ուղղորդել է ապրանքներ և ծառայություններ գնել փաստացի իրեն պատկանող խանութներից

Ավարտվել է Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2016թ. մարտից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի պաշտոնն զբաղեցրած Շ․Վ․-ն, պաշտոնավարման ընթացքում, որպես հանրային ծառայող, ունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար օրենքով սահմանված արգելք, 2012թ. հունվարի 23֊ին իր կնոջ մորաքրոջ անվամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ԱՁ։ Այն մշտապես կառավարել է անձամբ, համակարգել է դրա գործունեությունը, կազմել է ֆինանսական հաշվետվությունները, կատարել ԱՁ-ի գործունեության հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, իսկ ԱՁ-ի անունից բոլոր փաստաթղթերը կազմվել ու կնքվել են նրա պահանջով և գիտությամբ։

Վերջինս նաև անձամբ մասնակցել է իր կնոջ կողմից 2008թ. հիմնադրված, նույն գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության կառավարմանը։

Քննությամբ պարզվել է նաև, որ Շ․Վ․-ն, նշված ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտվելով իր պաշտոնից բխող լիազորություններից, դրանց մրցակիցների համար անհավասար պայմաններ ստեղծելով՝ 2017թ. հունվարի 11-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 30-ը՝ ՍՊԸ-ին, իսկ 2016թ. ապրիլի 27-ից մինչև 2019թ. մարտի 12-ը՝ ԱՁ-ին, տրամադրել է մարզի համայնքապետարաններին, դրանց ենթակա կազմակերպություններին, հանրակրթական ոչ առևտրային կազմակերպություններին, «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, շուկայականից անհամեմատ բարձր գնով, տարբեր տնտեսական, կենցաղային ապրանքներ, ծաղիկ, շինանյութ, գրասենյակային գույք և կահույք վաճառելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների, փողոցների լուսավորության, սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ կատարելու կամ միջոցառումների կազմակերպման ծառայություններ մատուցելու, դրանցից շահույթ ստանալու արտոնություններ ու առավելություններ։ Այդ կերպ ՍՊԸ-ին պատկանող խանութից՝ կատարվել են ընդհանուր 102.243.710 ՀՀ դրամի, իսկ ԱՁ-ին պատկանող խանութից՝ ընդհանուր 48.671.710 ՀՀ դրամի գնումներ։ Դա այն դեպքում, երբ ԱՁ-ն զբաղվել է փաստացի միայն թեփի, ալյուրի, գարու, ցորենի և աղի վաճառքով։ 

Բացի այդ, 2017թ. դեկտեմբերից մինչև 2020թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության նախկին պետը մարզպետարանի ենթակայության տակ գործող 21 հանրակրթական դպրոցի և համայնքային ենթակայության մարզադպրոցի տնօրեններին ուղղորդել է շուկայականից անհամեմատ բարձր գներով տարբեր ապրանքների գնումներ կատարել փաստացի իր ընտանիքին պատկանող վերը նշված խանութներից՝  պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 3.431.950 ՀՀ դրամի գույքային վնաս։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը ) և 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր