211652_close_icon
views-count937 դիտում article-date 22:50 07-11-2023

Միլիարդներ են ներդրվում պատերազմների մեջ, բայց խաղաղության համար՝ ոչինչ․ ԼՂ հարցով քննարկում՝ Բրյուսելում

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովին ընդառաջ Բրյուսելում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ համաժողովի բանախոսնեի մասնակցությամբ։

Մամուլի ասուլիսը կազմակերպել էին «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը եւ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

Ասուլիսի հիմնական բանախոսներն էին Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր եւ իրավական հարցերի տնօրեն Իռեն Վիկտորիա Մասիմինոն եւ միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնյանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասուլիսի հիմնական նպատակն էր 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները քննարկել միջազգային եւ մարդու իրավունքների տեսանկյունից։ Քննարկումների կիզակետում էր նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին միջազգային հանրության, հատկապես ԵՄ-ի արձագանքը՝ որպես միջնորդ։

Լուիս Մորենո Օկամպոն իր ելույթը սկսեց՝ նշելով, որ 2023 թվականը հարմար ժամանակահատվածի է վերածվել ցեղասպանությունների իրականացման համար։ «Միլիարդներ են ներդրվում պատերազմների մեջ եւ ոչինչ՝ խաղաղության համար», -  ասաց Օկամպոն՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է ավելի լուրջ վերաբերվի տեղի ունեցող զարգացումներին։
Նախկին գլխավոր դատախազը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ԵՄ բոլոր անդամ պետությունների Ցեղասպանության կոնվենցիայի անդամ են, հետեւաբար պարտավորություն ունեն կանխել հնարավոր բոլոր ցեղասպանությունները։

Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Մասիմինոն իր խոսքում հատուկ ընդգծեց, որ ցեղասպանությանը պետք է մոտենալ կանխարգելման տեսանկյունից։ Ըստ նրա՝ ցեղասպանություն եզրույթից խուսափելը հանգեցնում է մեծ հետեւանքների։ Մասիմինոն հիշեցրեց, որ մինչ ԵՄ-ն կուլ է տալիս Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրման խայծը,  արցախահայության ապրածը երկրորդ, երրորդ դասի խնդիր է դառնում, իսկ դրան զուգահեռ հայատյացությունն Ադրբեջանում շարունակում է խորանալ։

Ասուլիսի վերջին բանախոս Գառնիկ Քերքոնյանն ուշադրություն հրավիրեց անպատժելիության՝ բոլորովին նոր մակարդակ տեղափոխվելու վրա։ «Սարսափելին այն է, որ ոչ միայն անպատժելիությունը հետեւանքներ չունի, այլեւ պարգեւատրվում է», - ասաց միջազգային իրավապաշտպանը եւ հավելեց՝ տարածքային ամբողջականությունը ցեղասպանություն իրագործելու լիցենզիա չէ։

Բանախոսները կարծում են, որ ցեղասպանությունները չկանխելու մասնավոր միտում կա եւ պետք է փոխել առկա նարատիվը։

Նրանց խոսքով՝ միջազգային հարաբերությունները չափից շատ քաղաքականացված են, եւ պետք է հիշել, որ ԵՄ-ն Ադրբեջանից գազ է գնում հայերի արյան գնով։ Եվրահանձնաժողովի անգործության մասին խոսվելով՝ Լուիս Մորենո Օկամպոն եզրափակեց․ «Հպարտություն է, որ ԵՄ-ն կին է ղեկավարում, ինչն, անշուշտ, կարեւոր է։ Բայց ուր է՞ կին ղեկավարի տարբերությունը մնացածից։ Չկա կանխարգելելու որեւէ պատասխանատվություն»։

Նմանատիպ նյութեր