211652_close_icon
views-count817 դիտում article-date 22:08 02-11-2023

Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի հրավերով

Մենք հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը: Էստոնիայի դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանվեն անկախությունը և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, և ոչ ոք չի կարող այն ուժով փոխել: Այս տեսանկյունից մենք մեր ուժերից բխող ամեն ինչ կանենք` թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ որպես ԵՄ անդամ պետություն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Էստոնիայի Հանրապետության Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդման նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի հետ հանդիպմանը:

Նշենք, որ Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի հրավերով:

Բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակին, շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի խաղաղության գործընթացում Էստոնիայի ցուցաբերած աջակցության համար: Պատգամավորը խոսել է ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը նշանակում է ճանապարհների ապաշրջափակում և նոր կապերի ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների միջև:

Ըստ ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանի՝ աշխարհը պետք է արդար լինի ցեղասպանություն իրագործած պետություններին դատապարտելու հարցում: Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ցանկանում է հարևանների հետ ապրել խաղաղ պայմաններում:

ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամ Մարինա Ղազարյանն էլ խոսել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի մասին, կարևորել ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների կարիքների բավարարման համար միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Բարեկամական խմբի անդամ Անուշ Քլոյանը եւս խոսել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերի մասին, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երեք հիմնական սկզբունքները:

Կողմերն արձանագրել են, որ վերջին տարիներին հայ-էստոնական հարաբերություններն էլ ավելի են խորացել, որոնց նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ երկկողմ հանդիպումները:

Նմանատիպ նյութեր