211652_close_icon
views-count892 դիտում article-date 22:00 24-10-2023

ԼՂ կանայք լինելու են կայուն լուծումների համար պայքարի առաջնագծում. ԱԺ նախագահը՝ կանանց դերի վերաբերյալ գագաթնաժողովին

Լեռնային Ղարաբաղի կանայք լինելու են կայուն լուծումների համար պայքարի առաջնագծում, պայքարելու են հայրենի հողում խաղաղ ապրելու, անվտանգության և արժանապատվության իրավունքի համար, ինչպես նաև պայքարելու են ճնշումներից և խտրականությունից զերծ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իրավունքի համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովի իր ելույթում։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն նշել է. «Սիրելի՛ բարեկամներ,
Հայաստանի Ազգային ժողովի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այսօր արտահայտած բոլոր տեսակետների համար:

Հայաստանի խորհրդարանը, Հայաստանի կառավարությունը և «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը ստիպված են եղել հետաձգել Երևանում կայանալիք գագաթնաժողովը, սակայն մենք կարևոր ենք համարում կիսել ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության կառուցման գործում կանանց դերի մասին մեր ուղերձները:

Հակամարտությունների և ճգնաժամերի աճի պայմաններում դրանք առավել արդիական են, քան երբևէ՝ տարբեր մայրցամաքներում, տարբեր մշակույթներում և քաղաքական համակարգերում:

Հայաստանում կանայք կազմում են խորհրդարանականների երեսուներեք տոկոսը: Այնուամենայնիվ, մեզ դեռևս պակասում է իրական ներկայացուցչությունը տեղական և տարածաշրջանային մակարդակներում, ինչպես նաև հավասար ներկայացուցչությունը պաշտպանական ոլորտում:

Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճնշող մեծամասնությունը կանայք և երեխաներ են, և նրանց ձայնը երբեք չի լսվել միջազգային համաժողովներում, իսկ արդարության կոչերը մերժվել են:

Մենք հեշտությամբ կարող ենք տեսնել այս սարսափելի իրականությունը գրեթե յուրաքանչյուր հակամարտության և արտակարգ իրավիճակների դեպքում, երբ խոցելի խմբերի մարգինալացումը և օտարումը, ինչպես նաև հիմնարար իրավունքների մերժումը վերածվում են ճգնաժամերի, բռնությունների և պատերազմների:

Մենք խորապես համոզված ենք, որ Մարդու իրավունքները, խաղաղությունն ու անվտանգությունը փոխկապակցված են և ամրապնդում են միմյանց: Գենդերային հավասարությունը և կանանց նշանակալի մասնակցությունը կարևոր հիմք են երկրում արդարություն հաստատելու և սահմաններից դուրս երկխոսությունը շարունակելու համար:

Ներկայում Հայաստանն ընդունում է ավելի քան հարյուր հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, որոնք վերապրել են անմարդկային շրջափակումը, էթնիկ զտումները և այլ սարսափելի հանցագործություններ: Բայց ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի կանայք լինելու են կայուն լուծումների համար պայքարի առաջնագծում, պայքարելու են հայրենի հողում խաղաղ ապրելու, անվտանգության և արժանապատվության իրավունքի համար, ինչպես նաև պայքարելու են ճնշումներից և խտրականությունից զերծ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իրավունքի համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Պատերազմը և մեր տարածաշրջանում արտակարգ հումանիտար իրավիճակները մեզ ստիպեցին հետաձգել գագաթնաժողովը, բայց նաև ստիպեցին մեզ ավելի վճռականորեն միավորել ուժերը՝ ամրապնդելու կին առաջնորդների կարծիքների բազմազանությունը, կանխելու հակամարտություններն այլուր՝ նախաձեռնելով երկխոսություն և խաղաղություն պահանջելով:

Հայաստանը բարձր է գնահատում Կին քաղաքական առաջնորդների ղեկավարության և թիմի կողմից գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքը: Անկեղծորեն հույս ունեմ, որ շուտով հնարավորություն կունենանք ողջունելու բոլորիդ Երևանում»:

Նմանատիպ նյութեր