211652_close_icon
views-count967 դիտում article-date 09:34 18-10-2023

Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 17․10․2023 թ․ Դիմաքսյանն ընդդեմ ՀՀ-ի վճռով արձանագրել է Մ․ Դիմաքսյանի կյանքի իրավունքի խախտման փաստը, նշելով որ ՀՀ-ն պարտավորվում է Մ․ Դիմաքսյանի հորը փոխհատուցել 30000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

2010թ․-ին Մ․Դիմաքսյանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012թ․ փետրվարի 5-ին, մարտական հերթափոխի ժամանակ Դիմաքսյանը ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում՝ իր ծառայակցի՝ Գ․Ա․-ի կողմից։

Դիմաքսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին արյան սուր կորստից։ Ժամեր շարունակ հնարավոր չի եղել վնասվածք ստացած Դիմաքսյանին տրամադրել բժշկական սպասարկում, քանի որ վնասվածք ստանալուց հետո նրան նախ զինվորական բեռնատարով են փորձել են տեղափոխել հիվանդանոց, ապա շտապօգնության պատշաճ չաշխատող մեքենայով, որը չի ունեցել անգամ համապատասխան շտապ օգնության սարքավորումներ։ Նույն օրը հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 2012 թվականի փետրվարի 9-ին մեղադրանք է առաջադրվել միայն Գ.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ որի վերջինս խախտել է հրազենից օգտվելու կանոնները։

Դիմաքսյանի շահերը ներպետական դատարաններում և հետագայում նաև ՄԻԵԴ-ում ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանձին փաստաբան՝ Արայիկ Զալյանի։

Դիմաքսյանի մահից 11 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է ներկայացված դիմումը՝ հաշվի առնելով, որ պետությունը չի կատարել կյանքի իրավունքը պաշտպանելու իր դրական պարտավորությունը: Դիմաքսյանի մահը հետևանք է զինվորական ծառայության ընթացքում պետության կողմից զինվորի համար անվտանգ պայմաններ չապահովելու։ Մասնավորապես, դեպքի օրը զորամասի և հերթապահություն կազմակերպելու համար պատասխանատու զինվորական մարմինները չեն վերահսկել զենքի և սարքավորումների ճիշտ օգտագործումը։ Ավելին, պետությունը չի կարողացել ապահովել շտապ բժշկական օգնությունը։

Դատարանը գտնում է, որ ՀՀ-ն խախտել է Դիմաքսյանի ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, որի համար Դիմումատուին պետք է փոխհատուցի 30․000 եվրո։

Նմանատիպ նյութեր