211652_close_icon
views-count1249 դիտում article-date 16:10 17-10-2023

Մենք պատրաստ ենք բոլոր գերիների, պահվող անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» ազատ արձակման սկզբունքին. Փաշինյան

Մենք պատրաստ ենք բոլոր գերիների, պահվող անձանց եւ կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաեւ սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ նշեց. «Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել եւ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց ցավոք Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ:

Բայց ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն:

Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ ես ու Հայաստանի կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունն ունեն այդ քաղաքական կամքը: Մյուս կողմից միջազգային հանրությունը եւ Եվրամիությունը, մեր տարածաշրջանի երկրները մեզ պիտի աջակցեն, ամեն ինչ անեն այս հնարավորության օգտագործումը մեզ համար, Ադրբեջանի և Հայաստանի համար իրական դարձնելու նպատակով: Եվ հենց այս հարցում պիտի հայցեմ ձեր բոլորի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ հատկապես այն սկզբունքների իրագործման հարցում, որոնց շուրջ, ինչպես արդեն ասացի, պայմանավորվածության ենք եկել  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։

Նմանատիպ նյութեր