211652_close_icon
views-count85718 դիտում article-date 10:00 17-10-2023

Վեդիի քննչական բաժնի քննիչի պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը. բացահայտվեց ողբերգական ավտովթարի իրական վարորդի ինքնությունը. հարազատ եղբայրներից մեկը մահացել էր.ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ Հայաստանի Քննչական կոմիտեում կան պրոֆեսիոնալ, գործին գիտակ քննիչներ, գաղտնիք չէ: Քննիչի աշխատանքից է կախված հանցագործությունների բացահայտման ահռելի մասը և եթե քննիչը ցուցաբերում է սրտացավ մոտեցում, առաջնորդվում է պրոֆեսիոնալիզմով, երբ անգամ մեղադրյալները չեն կարողանում հետագայում ժողովրդի լեզվով ասած «բոչկա գլորեն» քննիչի ուղղությամբ: Շատ դեպքերում էլ հենց քննիչի աշխատանքի արդյունքում է բացահայտվում իրականությունը:

Այս տարվա օգոստոսի 17-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, ինչի հետևանքով հարազատ եղբայրներից մեկը մահացել էր, իսկ մյուսը տեղափոխվել էր հիվանդանոց: Մինչ դեպքի վայր կժամանեին Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և Վեդիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ, հարազատ եղբայրները տեղափոխվել էին հիվանդանոց ու արդեն դեպքի վայրում Արարատի մարզի Դաշտաքար գյուղի բնակիչ 58-ամյա Սամվել Ն.-ն Արարատի բաժնի ծառայողներին, հետո արդեն քննիչներին հայտարարում է, որ վարորդը ինքն է եղել և այդ ամենը հանգիստ պատմում էր քննչական փորձարարության ժամանակ: Նրա ասածները, որպես հիմք են ընդունում ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները և արդեն ոգևորված հայտարարում են, թե հայտնաբերել են իրական վարորդին, մինչդեռ քննչական խումբը՝ Դ. Դավթյանի գլխավորությամբ, նրա ասածները արժանահավատ չեն համարում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ դեպքի վայրում քննիչները տեղեկություններ էին ստացել, որ Սամվել Ն.-ն վարորդը չի եղել և նրան թվացել է, թե քննիչները՝ մասնավորապես Դ. Դավթյանը, հալած յուղի տեղ են ընդունել իր ասածը, սակայն մի քանի օր հսկայածավալ, բազմակողմանի աշխատանքեր կատարելու շնորհիվ քննիչ Դ. Դավթյանին հաջողվում է զորեղ փաստերի ներքո պարզել իրականությունը, ու Արարատի մարզի բնակիչ Գ. Ղ.-ն խոստովանում է, որ վարորդը ինքն է եղել, այլ ոչ թե դեպքի վայրում ներկայացած տղամարդը և որ Գ. Ղ.-ն եղել է ոչ սթափ (խմած):

Գ. Շամշյանի տեղեկություններով տղամարդը, որը փորձում էր քննիչին մոլորեցնել, իրական վարորդի կնոջ հայրն է (աները):

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 17-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ: Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին հիվանդանոց։ 

Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։ 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։ Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Մուրադյանի և Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս վիրավորին տեղափոխել էին Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում տարիքով մի տղամարդ հայտնել էր, որ վարորդն ինքն է եղել, սակայն ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ վարորդը նա չէր, այլ մեկ այլ երիտասարդ, ով հայտնել էր, որ ինքը եղել է ավտոմեքենայի մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը Այգավան գյուղի բնակիչ 34-ամյա Հարություն Պետրոսյանն էր, իսկ վիրավորը նրա հարազատ եղբայրը՝ 35-ամյա Կարեն Պետրոսյանը։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր