211652_close_icon
views-count8978 դիտում article-date 11:58 14-10-2023

Մետաքսե Հակոբյան․ Արցախում պատրաստ էին քայլերի հանուն նրա, որ «այլեւս զոհեր չունենայինք ու կարողանայինք երկարաձգել այնտեղ մեր ապրելը»․ «Առերեսում»

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն, առանց անունը նշելու՝ անդրադարձավ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի պնդումներին, թե Ադրբեջանը պատրաստ էր ինքնավարություն տրամադրել Արցախին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը սեպտեմբերի 26–ին տված հարցազրույցում Սամվել Բաբայանը արել էր մի պնդում, որը հակասում է Արցախի՝ որպես տարածքային կազմակերպական միավորի ժխտման վերաբերյալ Իլհամ Ալիեւի բազմիցս հրապարակավ արված հայտարարություններին։ «Ես դրա համար բացատրել եմ, որ ուղիղ բանակցություններ են պետք, առանց որևէ միջնորդության, առանց միջնորդի: Ադրբեջանն իրեն համարում է հաղթած, չէ՞, բայց Ադրբեջանը պարտված է, որովհետև Թուրքիա-Ադրբեջան էս տանդեմը և Կենտրոնական Ասիան, Ռուսաստան, Պարսկաստանը չեն ընդունի, ինքն էլ գիտի, կգա ժամանակը, կերևա: Ամենամեծ սխալը Ղարաբաղին ինքնավարություն չտալն էր, որը կլիներ օղակ հայ-ադրբեջանական հաշտության, առևտրի, տնտեսական և այլ շփումների համար: Ես բացատրել էի, իրենք էլ ընդունել էին: Հետո կենացները քաղցրացան, եկան էս ջահելները, ասացին՝ պայքարելու ենք մինչև վերջ,– ասել էր Սամվել Բաբայանը՝ հաստատելով, թե ինքը ինքնավարության շուրջ միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ,– Մենք կարող էին 4400 տարածքի վրա ստեղծել ինքնավար հանրապետություն, ունենանք մեր գվարդիան, էս մարդիկ չեն ուզել»։

«Խոսում են, թե ադրբեջանական կողմը առաջարկներ է արել, Արցախից ինչ որ մի անձի բան է փոխանցել։ Սա պարզ հաղորդում է հանցագործության մասին, ինքնախոստովանանք՝ գործակալ լինելու մասին»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նա անդրադարձավ նաեւ Սոֆիայում Ադրբեջանում եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ ծրագրված հանդիպմանը։ Հիշեցնենք, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ իշխանությունները փորձեցին նշաձողն իջեցնել հենց ԼՂ գործընկերների հետ համաձայնեցված․

«Բայց փոխարենը ի՞նչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, ԼՂ–ն բարձրացրեց: ԼՂ–ն բարձրացրեց ձեր քաջալերմամբ, հարգելի ընդդիմություն: Եթե ԼՂ–ում մեր ընդհանուր պայմանավորվածությունը և ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի: Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի: Այո՛, միջազգային հանրությունը Սոֆիայում, ըստ էության, միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին, իսկ ինչո՞ւ չգնացին: Որովհետև ԼՂ–ին արգելեցին գնալ: Ո՞վ արգելեց։ Այ, դա ոչ մեկը չգիտի»: «Ես ասեմ իրականությունը՝ պատկերացնեք, թե ինչպիսին է եղել այդ անիմաստ․․․ինչքան են իրենք լրջացրել դա։ Եվ շատ դեպքերում նաեւ մեր հայրենակիցների մոտ այն տպավորությունն է եղել, թե Արցախն իրականում մերժել է որեւէ հանդիպում։ Մենք այն վիճակում էինք՝ նաեւ տեսնելով այստեղից վարվող քաղաքականությունը, որ հասկանում էինք, թե այո, միգուցե այլեւս հնարավորություն չի մնացել, քան դեմ դիմաց նստելը, նույնիսկ եթե պետք է՝ առանց ինչ որ միջնորդի, գիտակցելով այն, ինչ որ սպասվում էր եւ գիտակցելով այն, որ մենք ուղղակի մենակ ենք։ Ինչ տեղի ունեցավ․ տարբեր խողովակներով, ու այնպես չէ, որ դրանք թղթի վրա գրված․․․ բանավոր խոսքեր էին փոխանցվում, իհարկե՝ ոչ այն անձի միջոցով, որը խոսում է այդ մասին (ակնարկն ակնհայտորեն դարձյալ Սամվել Բաբայանի մասին էր․-Ա․ Ի․)։ Եվ ի տարբերություն այդ անլուրջ բանավոր խոսքի՝ արցախյան կողմը նստում, լուրջ քննարկումներ էր ունենում, որոշումներ կայացնում, փոխանցում իր որոշումը եւ այնուհետեւ լռություն․․․ Հասկանում եք՝ ընթացք չկար, վերջը չկար։ Այսինքն՝ ամեն ինչ արվում էր դրսի համար, իրականում չկար»։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի անորոշ թողած հարցադրումը՝ «ԼՂ–ին արգելեցին գնալ: Ո՞վ արգելեց։ Այ, դա ոչ մեկը չգիտի» հստակեցրել էր վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերի կազմում պարբերական հանդիպումներ ունեցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որն «Ա1+»–ին տված հարցազրույցում վստահեցրել էր, թե մինչև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ երեք գիշեր զրուցել է նրա հետ։ Պնդել էր, որ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր գնալ Սոֆիա բանակցելու․

«Վստահաբար կարող եմ ասել, որ Սոֆիա գնալու տոմսը գնել էր, կարող են ստուգել։ Նրա վրա ահռելի ճնշումներ գործադրեցին ոչ միայն ԼՂ և ՀՀ նախկին իշխանությունները, այլ ժողովուրդը նույնպես։ Նրանք համարում էին, որ իրենց ռուսական զորախումբն է պաշտպանում։ Իսկ ռուսական զորախմբից ասում էին, եթե գնաք, մենք ձեռքերներս կլվանանք»։

«Սուտ է ասում,– հակադարձեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղարը։– Առաջին անգամ եմ նման բան լսում այդ իրադարձությունների մասին։ Եվ առավել քան ծիծաղելի է նման մեկնաբանությունը։ Այն կարող էր անել մարդ, որ ընդհանրապես կապ չունի ու չգիտի, թե ինչ վիճակում էր Արցախը եւ ինչ քայլերի էր պատրաստ գնալ հանուն նրա, որ այլեւս զոհեր չունենայինք ու կարողանայինք երկարաձգել այնտեղ մեր ապրելը»։

Հաղորդման մյուս հյուրի՝ ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանի տեսակետներից հատվածներ կարդացեք այստեղ։



 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր