211652_close_icon
views-count50930 դիտում article-date 10:06 10-10-2023

Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. 34–ամյա վարորդը Mercedes ML-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:25-ի սահմաններում Սևան բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի , գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Ներսիկ Գրիգորյանի, և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Վ.-ն, իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված հետիոտնին, ով տեղում մահացել է:

Վրաերթի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր