211652_close_icon
views-count1225 դիտում article-date 20:39 09-10-2023

Թմրամիջոցներ վաճառող հարթակներին և «Տելեգրամ»-ի ալիքներին ՀՀ-ում գրանցվել է 50 հազարից ավելի բաժանորդ. Արգիշտի Քյարամյան

Հոկտեմբերի 9-ին կայացել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստը՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի 9-ամյակին և ՀՀ ՔԿ ծառայողի օրվան։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նիստին ելույթով հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը մասամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Քննչական կոմիտեի սիրելի ծառայողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 9-րդ տարեդարձի և համակարգի ծառայողի օրվա կապակցությամբ:

Քննչական կոմիտեն շարունակում է իր ուսերին կրել հանցավոր իրավախախտումների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների գերակշիռ մասով մինչդատական քննություն իրականացնելու ծանր և պատասխանատու առաքելությունը:

Կոմիտեի` մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներն անցած ժամանակահատվածում շարունակել են աշխատել գերծանրաբեռնված պայմաններում: Հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների կողմից քննված ավելի քան 150 հազար վարույթների գերակշիռ մասի կամ շուրջ   98 %-ի նախաքննությունն իրականացվել է Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից: Դրա հետ մեկտեղ հարկ է նկատել, որ 2023թ. 1-ին կիսամյակում Կոմիտեի աշխատանքներն իրենց ծավալով էականորեն տարբերվել են նախորդ տարիներին կատարվածից, ինչը պայմանավորված է քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրարկման հանգամանքով:

 

Ելույթի համար նախատեսված սեղմ ժամանակում հնարավոր չէ ներկայացնել բոլոր ուղղություններով Կոմիտեի ստորաբաժանումների կատարած աշխատանքի վիճակագրական ցուցանիշները: Թերևս բացառության կարգով, երկրում օրինականության հաստատման և իրավակարգի ամրապնդման համատեքստում, կանդրադառնամ միայն հանցավոր կազմակերպությունների, քրեական ենթամշակույթ կրող անձանց և նրանց մասնակցությամբ կատարված հանցավոր իրավախախտումների, թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստերով նախաձեռնված քրեական վարույթներով  կատարված նախաքննության հիմնական արդյունքներին: 2022-2023 թվականներին Կոմիտեի ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել և քննություն է իրականացվել քրեական ենթամշակույթ կրող անձանց և նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների 41 վարույթներով, որոնցից 14-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 1-ով վարույթը կարճվել է, իսկ մնացած 26-ով նախաքննությունը շարունակվում է: Նույն ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով հայտնաբերված և շրջանառությունից հանված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցել է 400 մլն ՀՀ դրամը, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված հնարավոր ֆինանսական միջոցների ծավալը գերազանցել է 3 մլրդ ՀՀ դրամը: Բացահայտվել է սոցիալական ցանցերում գրանցված 49 խանութ-հարթակ, որոնցից միայն մեկով գործունեություն են ծավալել թմրանյութերի վաճառքով զբաղվող 65 տելեգրամյան ալիքներ: Նշված վարույթներով խանութ-հարթակներին և տելեգրամյան ալիքներին ՀՀ-ում գրանցված բաժանորդների քանակը գերազանցել է 50.000-ը: Հայտնաբերվել են լաբորատոր պայմաններով կահավորված 6 սենյակներ, որտեղ պատրաստվել և հարթակներին են մատակարարվել թմրամիջոցներ։

Թույլ տվեք նշել, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով պատճառված վնասից վերականգնվել է  շուրջ 24 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 23 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկնում պետությանը և համայնքներին պատճառված վնասի հատվածին։ Պետությանը պատճառված վնասի վերականգնման գործում մեծ կարևորություն ունի Կոմիտեի կառուցվածքում նոր ստեղծված Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատանքը։ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում գլխավոր վարչությունն ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում արձանագրել է պետությանը պատճառված վնասի վերականգնման աննախադեպ բարձր՝ շուրջ 19 մլրդ ՀՀ դրամի ցուցանիշ: Գլխավոր վարչությունը դրական արդյունքներ է արձանագրել նաև ավարտված քրեական վարույթների թվի ավելացման առումով: Համոզված եմ, որ նորաստեղծ ստորաբաժանումը կշարունակի գործուն միջոցներ ձեռնարկել իրեն վստահված ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնման աշխատանքները բարելավելու ուղղությամբ:

Ուշագրավ եմ համարում նաև՝ Հայաստանի Հանրապետությունում ավտոներկրման գործընթացի վերաբերյալ քննվող քրեական վարույթներին անդրադարձը։ Հայաստանի Հանրապետության քննչական և պետական եկամուտների կոմիտեների սկզբունքային աշխատանքի արդյունքում՝ ավտոներկրման և իրացման գործունեությամբ զբաղվող 135 տնտեսվարողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հիշյալ վարույթներով 2023թ. հունվարի 1-ից մինչ օրս ընդհանուր վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 8.5 մլրդ ՀՀ դրամի գույքային վնաս, որից՝ ԱԱՀ-ի դեբետից նվազեցվել է շուրջ 7.5 մլրդ ՀՀ դրամ, ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի գծով պետական բյուջե լրացուցիչ վճարվել է շուրջ 756 մլն ՀՀ դրամ, իսկ 163 մլն ՀՀ դրամը վճարվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։ Հարկ է նաև նշել, որ պատճառված վնասի վերականգնումից զատ, քննության արդյունքներով վերոհիշյալ գործունեությամբ զբաղվող սուբյեկտների մոտ արձանագրվել է  շահութահարկի վնասի պակասեցում՝ շուրջ 6 մլրդ ՀՀ դրամի չափով: Կարծում եմ, որ համատեղ կատարած ծավալուն այս աշխատանքը զգալի դրական ազդեցություն է ունեցել ավտոներկրման և իրացման ոլորտի վրա։

Ուզում եմ կարճ անդրադառնալ նաև վերջին շրջանում Երևան քաղաքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքերին, նշելով, որ  Քննչական կոմիտեն կատարել և հստակ կատարելու է իր առաքելությունը հասարակական անվտանգության և իրավակարգի ապահովման գործում։ Օգտվելով առիթից, թույլ տվեք շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի մեր գործընկեր կառույցներին՝ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Դատախազության մեր գործընկերներին և ընկերներին՝ համատեղ կատարած արդյունավետ աշխատանքի համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Կոմիտեի արձանագրած հաջողությունները համակարգի ողնաշարը կազմող արհեստավարժ ծառայողների անխոնջ աշխատանքի արդյունք են: Այդ է պատճառը, որ Կոմիտեի կադրային ներուժի ճիշտ ընտրությունը, մասնագիտական ուսուցումը, գործնական հմտությունների անընդմեջ կատարելագործումը և տեսական գիտելիքների հետևողական բարձրացումը շարունակում են մնալ կադրերի հետ տարվող մեր աշխատանքի կարևորագույն ուղղությունները: Այդ խնդրի լուծման նպատակին հետամուտ՝ Կոմիտեի որակավորման հանձնաժողովն ի սկզբանե որդեգրել էր և շարունակում է պահպանել կայուն բարձր նշաձող։  Անցած տարվա հոկտեմբեր ամսից սկսած՝ որակավորման հանձնաժողովի 7 տասնյակից ավելի նիստերի արդյունքներով, հերթական ատեստավորման շրջանակներում որակավորման ստուգում են անցել Կոմիտեում  ինքնավար պաշտոն զբաղեցնող 311 անձինք: Ընթացիկ տարում ծավալուն աշխատանք է տարվել Կոմիտեի թափուր հաստիքների համալրման ուղղությամբ: Արդյունքում՝ Կոմիտեում ծառայության է նշանակվել 125 անձ: Բացի այդ, հետաքննության մարմիններից Կոմիտե տեղափոխված 130 հետաքննիչներից 90-ը որակավորման ստուգման արդյունքում ընդգրկվել են քննիչների թեկնածուների ցուցակում և նշանակվել համապատասխան պաշտոններում:

Կադրային քաղաքականության իրականացման գործընթացում հետևողական ենք եղել նաև իրենց պարտականությունների կատարման մեջ պարբերաբար թերացող, դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորող, համակարգի պատիվն ու բարի համբավն արատավորող քննիչների նկատմամբ վերաբերմունքի հարցում: Ընթացիկ տարում համակարգի 99 քննիչների նկատմամբ, վերջիններիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումների հիմքով, կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ 11 քննիչներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Անհամեմատ ավելի շատ են դեպքերը, երբ խստապահանջ մոտեցումներին հարմարվել չկարողացող ծառայողներն ինքնակամ լքել են մեր շարքերը։ Շարունակելու ենք առավելագույն անհանդուրժողականություն ցուցաբերել կարգապահության և արհեստավարժ գործելակերպի հետ խնդիրներ ունեցող ծառայողների նկատմամբ՝ նպատակ ունենալով համակարգը զերծ պահել պատեհապաշտ, զբաղեցրած պաշտոնի արժեքը չգնահատող և ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք դրսևորող անձանցից:

Քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ,

Բոլորովին վերջերս ձեր բարեխիղճ ու տքնաջան աշխատանքին արժանի գնահատական տրվեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով, որի ուժով ընթացիկ տարվա հուլիսի 1-ից շոշափելի բարձրացավ Կոմիտեի ծառայողների աշխատանքի վարձատրությունը: Երկար սպասված այս իրադարձությունը համակարգի կադրային առողջ ներուժը պահպանելուն, արհեստավարժ կադրերի արտահոսքը կանխելուն և համակարգը նոր արժանավոր մասնագետներով համալրելուն միտված կարևորագույն քայլ է: Օգտվելով պատեհ առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը և անձամբ Ձեզ, մեծարգո՛ վարչապետ, Կոմիտեի ծառայողների աշխատանքի արժևորման հարցում ցուցաբերած աննախադեպ նախաձեռնության համար, որը, համոզված եմ, էլ ավելի կբարձրացնի Քննչական կոմիտեում ծառայության գրավչությունը:

Անդրադառնալով Կոմիտեի ստորաբաժանումների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին` հարկ եմ համարում ընդգծել, որ ընթացիկ տարում այդ ուղղությամբ գործադրվել  են առավելագույն ջանքեր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված նոր շենքերում այսուհետ  իրենց գործունեությունը կշարունակեն Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժինը, Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի և Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինները: Մինչև տարեվերջ ավարտին կհասցվի Երևան քաղաքի Խանջյան 43 հասցեում Քննչական կոմիտեին հատկացված նոր վարչական շենքի հիմնանորոգումը: Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվում Կոմիտեի համար նոր մասնաշենք ձեռք բերելու ուղղությամբ, ինչի արդյունքում էապես կբարելավվեն կենտրոնական մարմնի ստորաբաժանումների քննիչների աշխատանքային պայմանները:

Ի թիվս կատարված զգալի աշխատանքների` ընդգծեմ, որ ընթացիկ տարին հագեցած էր նաև Կոմիտեի աշխատանքների շարունակական արդիականացմանը և օրենսդրական բարեփոխումների արդյունքում նախատեսվող նորարարությունների ապահովմանն ուղղված ծրագրերով. հաջողությամբ ներդրվեցին ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանված պարտադիր տեսաձայնագրման ենթակա քննչական գործողությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները` տեսախցիկները, հարակից պարագաներն ու էլեկտրոնային նախաքննությանն անցում կատարելու համար մեկնարկային փուլում պահանջվող տեղեկատվական տեխնոլոգիաները:

Վստահ եմ, որ անշեղ ժողովրդավարության ուղին ընտրած մեր երկրում իրականացվող պետական քաղաքականության  արդյունավետության դրսևորում համարվող այս բաղադրիչը շատ շուտով կունենա նաև իր տեսանելի պտուղները և մենք նախաքննության ասպարեզում կունենանք բոլորովին այլ դրական ցուցանիշներ:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ կրկին շնորհավորել բոլորիս Կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, համակարգի բոլոր աշխատակիցներին շնորհակալություն հայտնել իրենց նվիրումի, տոկունության և ծառայողական դժվարություններն անտրտունջ հաղթահարելու համար: Մաղթում եմ  ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ և թող Աստված պահապան լինի մեզ և մեր ինքնիշխան պետականությանը»:

Նմանատիպ նյութեր