211652_close_icon
views-count52991 դիտում article-date 10:47 08-10-2023

Վրաերթ Երևանում․ 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են վիրավորի համար, բնակիչներն էլ պահանջում են, որ պատկան մարմինները հետևություններ անեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23․00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի թիվ 56 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Աղաբեկյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Մելանյա Բաբայանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են և դեպքի վայրից հետաքրքրասեր վարորդներին հեռացրել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Արամ Տոնոյանն ու Ռոբերտ Իսկանդարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ հետիոտնը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, և Mercedes-ը մեծ արագությամբ է հարվածել նրան ու չի էլ կանգնել, քշել, գնացել է, և իրենց մտահոգությունն էին հայտնում, որ նշված փողոցում հաճախակիացել են ճանապարհային պատահարներն ու վրաերթերը։ Հավաքվածներն ասում էին, որ պատկան մարմիններին բազմիցս խնդրել են, որ այդ հատվածում գոնե երկու արհեստական անհարթություն սարքեն, սակայն ոչ մի օգուտ, իսկ եթե այդ արհեստական անհարթությունները լինեն, դրանք որոշ վայ վարորդների համար որոշ չափով կդառնան զսպաշապիկ։

Ավելի ուշ պարեկները պարզել են, որ վարորդը ավտոմեքենայով ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր