211652_close_icon
views-count1174 դիտում article-date 23:38 05-10-2023

Լարսի անցակետում դեպի ՌԴ ուղությամբ կուտակումներ չկան. 250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է

 Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին է, մի մասը ձևակերպում է անցնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տվյալներ ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Այս պահին հերթեր, կուտակումներ չունենք Ռուսաստան մտնող ուղղությամբ: Լարսի անցակետում այժմ աշխատում են բնականոն ռեժիմով: Առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից ՌԴ ճանապարհներին է գտնվում, այսինքն՝ մի մասը ճանապարհին է, մի մասը հասել, ձևակերպվում է, միգուցե դրանց մի մասը ձևակերպվել, դուրս է եկել: Նախորդ օրը 140 հայկական բեռնատար, որոնցից 35-ը՝ հայկական կոնյակով բեռնված, փաստացի մտել է Ռուսաստան՝ բոլոր մաքսային ձևակերպումներն ավարտած: Եվ 207-ը դեպի Հայաստան են շարժվել»,-ասաց Հակոբյանը:

Մաքսային կցորդը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ի ուշ երոկոյան ռուսական կողմը հանել է կոնյակի մասով իր սահմանած նոր կարգավորումը: Ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն էր սկսել իրականացնել Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ, Հայաստանից գնացող ամբողջ կոնյակը ենթարկվում էր մաքսային հսկողության, երբեմն ապրանքն ուղարկում էին փորձաքննության: Հիմա այս խոչընդոտը հանվել է:

«Մինչև այս պահը մոտ կոնյակով բեռնված 50 բեռնատար ձևակերպվել և մտել է Ռուսաստանի տարածք: Լարսի անցակետում կանգնած է ևս 47 բեռնատար, որոնք սպասում են փորձաքննության եզրակացությանը, որ շարժվեն ՌԴ»,-ասաց Հակոբյանը:

Ռուսական կողմից խոստացել են այդ պատասխանները շատ արագ տալ: Եվ առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում այդ 47 բեռնատարները ևս պետք է շարժվեն: 

Այսպիսով այսուհետ  Վերին Լարսի անցակետից հայկական կոնյակը փորձաքննության հիմնականում չի ուղարկվելու, միայն եզակի դեպքերում, երբ լինեն խիստ կասկածներ ու հիմքեր: Ըստ անհրաժեշտության՝ բոլորի նկատմամբ լինելու է սովորական զննում:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանից դուրս եկող ուղղությանը, ապա Վերին Լարսում կան հերթեր: Հակոբյանի խոսքով՝ սակայն դրանք վերաբերում են հիմնականում երրորդ երկրներ ապրանք տանող բեռնատարներին: 

«Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՌԴ կառավարության համապատասխան որոշումը, որով արտահանման մի շարք մաքսատուրքեր են սահմանվել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար: Շատ տնտեսավարողներ, որոնք ՌԴ-ից ապրանք են արտահանում երրորդ երկրներ, անպատրաստ են հասել  Լարսի անցակետ և պետք է վճարումներ կատարեն, փաստաթղթեր լրացնեն: Դրա հետ կապված ձևակերպման գործընթացը դանդաղել է: Բայց այդ ընդհանուր հերթի մեջ հայկական բեռնատարներ երկար չեն սպասում և սպասարկվում են արտահերթ»,-ասաց մաքսային կցորդը:

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն էր իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ: Ռուսական մաքսային ծառայությունը դեռ մարտ-ապրիլ ամիսներից էր սկսել հսկողություն  իրականացնել Հայաստանից ներմուծվող կոնյակների նկատմամբ՝ դա բացատրելով նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Սակայն օրեր առաջ այդ հսկողությունն ավելի էին ուժեղացրել՝ հսկողության իրականացնելով ոչ միայն կոնկրետ տնտեսավարողների նկատմամբ, այլ Հայաստանից գնացող ողջ կոնյակի: 

Նմանատիպ նյութեր