211652_close_icon
views-count5261 դիտում article-date 21:05 05-10-2023

«Մեր հայրենակիցների մեջ կան մարդիկ, որոնք ասում են՝ մեզ գյուղ տարեք, մենք գյուղական միջավայրի ենք սովոր»․ Շիրակի մարզպետ. aravot.am

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է լուծվելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մշտական բնակարաններով ապահովելու հարցը․ կառավարությանն առաջարկվելո՞ւ է Շիրակի մարզի  քաղաքային համայնքներում բնակություն հաստատածների համար մի քանի բազմաբնակարան շենքեր կառուցել, հատկապես որ նման շենքեր կառուցելու փորձ Գյումրիում արդեն կա․ Համահայկական հիմնադրամը «Մուշ» թաղամասում անօթևան բնակիչների համար այնպիսի սոցիալական բնակարաններ է կառուցել, որտեղ բնակվելը ցանկացած մեկի համար իրոք երազանք կթվա։ Բացի այդ, Գյումրիում կան նաև կիսակառույց շենքեր, որոնք հնարավոր է ավարտին հասցնել ու մեր հայրենակիցներին տրամադրել։ 


Նմանատիպ մի քանի շենքերի կառուցումը կլուծի նրանց մշտական բնակության հարցը, առանց այն էլ հոգեբանական ծանր վիճակում՝ նրանք տարբեր կառույցների ու ծանոթների դռներ չեն թակի ու չեն խնդրի, որ իրենց վարձով բնակարաններ ճարեն։ 


Առաջարկ է հնչում նաև տարբեր բարեգործական կազմակերպությունների, բարերար անհատների օգնությամբ գնել գյուղական համայնքների վաճառքի ենթակա տները, գոմերը, վարելահողերը ու նվիրել արցախահայերին, որպեսզի և՛ դատարկվող գյուղական համայնքները լիարժեք բնակեցվեն, և՛ արցախցիների պոտենցիալը ճիշտ օգտագործվի, նրանց միջոցով զարգանա երկրի գյուղատնտեսությունը։ 

Մուշեղ Մուրադյանն ասաց․ «Տեսեք, կառավարությունն իրականացնում է ծրագրեր, այսօր բեռն ամբողջությամբ կառավարությունը վերցրել է իր վրա և տեղին քաղաքականություն իրականացնելով՝ մեր հայրենակիցների բոլոր հարցերը և խնդիրները լուծում է։

Իհարկե, դրանք բազմաբնույթ են, բայց մենք կատարում ենք այնպես, ինչպես հայ մարդուն է վայել և ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած սկզբունքին է համահունչ։ 

Ծրագրերը կարճաժամկետ են, միջնաժամկետ են և երկարաժամկետ։ Բնականաբար, կարճաժամկետ ծրագրերից առաջնահերթը մարդկանց տեղավորելն է, ունենան տանիք, բարվոք պայմաններ, որպեսզի կարողանան ճանապարհի վիճակից և ծանր ապրումներից դուրս գալ, համակերպվել, որ սա՛ է իրենց միջավայրը, մենք ենք իրենց միջավայրը, այստեղ պետք է բնակություն հաստատեն։ 

Հաջորդը կլինեն այն ծրագրերը, որոնք ուղղված են իրենց կենցաղային խնդիրների լուծմանը, ինչպես գիտեք, միանվագ 100 հազարական դրամ՝ անկախ տարիքից, բոլորը պետք է ստանան։ Հաջորդը կլինի բնակության համար յուրաքանչյուր անձի 40 հազար դրամի տրամադրումը ու նաև 10 հազար դրամ՝ նախատեսված կոմունալ վարձերի համար։

 Հաջորդը կլինի սննդի համար յուրաքանչյուրի սպառողական զամբյուղին համահունչ գումարի տրամադրումը կամ միգուցե այլ կերպ լուծվի, իհարկե, սա դեռ վերջնական որոշված չէ, բայց նախնական քննարկումների արդյունքում պետք է յուրաքանչյուր անձին տրվի նաև սննդի գումար։

 Սրան զուգահեռ այս պահին քննարկումներ են ընթանում քաղաքաշինական ոլորտում՝ բնակարանաշինությանն առնչվող հարցերի շուրջ։ 

Բոլոր հարցերը մանրակրկիտ կառավարության ուշադրության ներքո են, վերահսկելի են։ Լիահույս եմ՝ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ մտադրված է ՀՀ կառավարությունը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր