211652_close_icon

Մեր ճանապարհը երբեք դյուրին չի եղել, բայց մենք սովոր ենք դժվարությունները հաղթահարել արժանապատվորեն. թող մայիսի 28-ը լինի մեր ոգու, համախմբման և առաջ շարժվելու ցանկության խորհրդանիշը. Բաբկեն Սեդրակյան

views-count6091 դիտում article-date 11:34 28-05-2025
Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ։

1918 թ. մայիսի 28-ին, մեր ժողովրդի միասնական կամքով, ինքնազոհաբերությամբ և անկոտրում ոգով վերականգնվեց երկար տարիներ երազած անկախ պետականությունը։ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը դարձան մեր գոյության և պետականության ամրապնդման հիմնասյուները՝ վկայելով մեր ժողովրդի ուժի և միասնականության կենսունակությունը։

Մեր ճանապարհը երբեք դյուրին չի եղել։ Բայց մենք սովոր ենք դժվարությունները հաղթահարել՝ արժանապատվորեն, համառորեն և հստակ գիտակցությամբ, թե ուր ենք գնում։ Այսօր էլ, բարդ պայմաններում, շարունակում ենք ընթացքը՝ նոր մոտեցումներով, նոր պատկերացումներով և պետականության նկատմամբ խորացող պատասխանատվությամբ։

Այս օրը հիշեցում է՝ թե՛ անցյալի պայքարի, թե՛ ներկայի պարտականության մասին։

Այն պահ է՝ խորհելու, գնահատելու մեր անցած ուղին և վերահաստատելու մեր վճռականությունը՝ շարունակելու անկախության և պետական ամրության գործը։

Խոնարհվում ենք այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մեր ազատության և պետության լինելիության։

Նրանց սխրանքը պարտավորեցնում է մեզ՝ լինել արժանի, ստեղծող ու միասնական։

Թող մայիսի 28-ը լինի մեր ոգու, համախմբման և առաջ շարժվելու ցանկության խորհրդանիշը։

Շնորհավո՛ր Հանրապետության տոնը։

Թող ապրի Հայաստանը՝ անկախ, խաղաղ և ամուր։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ

Բաբկեն Սեդրակյան

Նմանատիպ նյութեր