211652_close_icon
views-count772 դիտում article-date 11:18 11-09-2023

Պաշտոնական Երևանը մինչ օրս շնորհավորական ուղերձ չի հղել Արցախի նորընտիր նախագահին․ Գեղամ Մանուկյան

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստում օրակարգը ներկայացնելուց հետո ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսքն ուղղելով Արցախի Հանրապետության ժողովրդին, գրում է Oragir.News-ը։

«Այս դժվարին օրերին սեփական հայրենիքում ազատ ապրելու, ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և դժվարին մարտահրավերները դիմագրավող Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ. Ազգային ժողովի մեկնարկող նստաշրջանի օրակարգում թերևս կարող էր առաջին կետը լինել շաբաթ օրը Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված Հայաստանի խորհրդարանի կողմից ողջույնի ուղերձ հղելու հարցը։ Ամեն դեպքում Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ մեր գործընկերների, հայրենակիցների անունից ողջունել Արցախի մեր քաղաքացիներին, հայրենակիցներին, որոնց ներկայացնող մարմինը՝ Ազգային ժողովը, հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքն ամբողջությամբ գիտակցնելով՝ առաջին իսկ քվեարկությամբ 22 կողմ ձայնով Արցախի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։

Շատ պատասխանատու փուլ Արցախի համար, երբ որ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ներքին, հումանիտար, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք։

Հայաստանի հասարակությունը, հայ ժողովուրդը շնորհավորել է Սամվել Շահրամայանին, որոշ երկրներ՝ Ուկրաինա, Թուրքիա, դատապարտել են այս ընտրությունը, որքան էլ զարմանալի է՝ պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին չի հղվել»։ 

Նմանատիպ նյութեր