211652_close_icon
views-count1405 դիտում article-date 23:48 02-09-2023

«Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների երաշխիքներ չկան»․ Փաշինյանը Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու «հեռանկարի» մասին

Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների երաշխիքներ չկան:

Ասել է Նիկոլ Փաշինյանը պատասխանելով իտալական La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանի՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու «հեռանկարի» մասին հարցին։ 

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Փաստն այն է, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգային հանրությունը կճանաչի Ադրբեջանի սուվերենությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչներին կվերաբերվեն որպես Ադրբեջանի լիիրավ քաղաքացի, որովհետև Ադրբեջանի կողմից հայերի դեմ հայտարարությունները կարող են մտահոգություններ առաջացնել այս հարցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե երաշխիքներ ունենայինք, մենք չէինք խոսի Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման անհրաժեշտության մասին: Այսինքն՝ եթե այդ հարցը բարձրանում է և եթե մենք այսօր խոսում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պայմաններում, դա նշանակում է՝ այդ երաշխիքները չկան: Հենց ամբողջ պրոցեսը և՛ այդ երաշխիքների բացակայությունն է, և՛ Ձեր նշած հարցի գոյությունն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառ է դարձել և արգելք է դարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման:

Հենց այդ երաշխիքների բացակայությունն է պատճառը, որն ապացուցվում է այսօրվա իրավիճակով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, և դա է հենց պատճառը, որ մենք ասում ենք՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն միջազգային մեխանիզմի շրջանակներում: Ինչո՞ւ ենք այդպես ասում, հենց Ձեր նշածի պատճառով, երաշխիքների բացակայության պատճառով: Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչ էլ որ որոշվի, պայմանավորվի այդ երկխոսության շրջանակներում, իրենք պետք է ունենան որոշակի երաշխիքների մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային:

Հենց դա է, եթե Ձեր նշած երաշխիքները լինեին, հակամարտություն չէր լինի: Հենց Ձեր նշած երաշխիքների բացակայությունն է, որ պատճառ է այսօրվա իրավիճակի, պատճառ է երեկվա իրավիճակի, պատճառ է 5 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 10 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 20 տարի առաջվա իրավիճակի:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման – Կարծում եք Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, համենայնդեպս, այդպես է եղել 2018 թվականից հետո: Եվ այսօր էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի:

Նմանատիպ նյութեր