211652_close_icon
views-count2641 դիտում article-date 15:34 14-08-2023

Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից. Նիկոլ Փաշինյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և ցավակցել այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին։ 

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից:

Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր:

Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են եւ՛ տեխզննում, եւ՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը:

Ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են եւ կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետեւողական ներդրման եւ վերահսկման միջոցով:
Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»,- գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան - Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Volkswagen Crafter մակնիշի մարդատար և ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 11 հոգի մահացել են, 6 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ` մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանի և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ա․ Գրիգորյանի գլխավորությամբ։

Օպերատիվ են գործել Գյումրու բժշկական կենտրոնի, Գյումրու շտապօգնության կայանի, Արթիկի և Անիի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու Շիրակի մարզի պարեկները։

Մահացածներից մի քանիսին Volkswagen-ից դուրս են բերել փրկարարները մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանն ու նույն գումարտակի ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 295+
295+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր