211652_close_icon
views-count35430 դիտում article-date 19:49 01-08-2023

Երևանի գնդի պարեկները հերթական անգամ փայլել են իրենց օպերատիվությամբ. հայտնաբերվել է տելեգրամ հավելվածի «Կանաչ շուկա» էջից Երևանում խոշոր չափի թմրանյութեր իրացնող 21-ամյա երիտասարդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները հերթական խոշոր չափի թմրանյութի իրացման դեպքն են բացահայտել Երևանում:

Հուլիսի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նարեկ Հարությունյանն ու Գևորգ Սարգսյանը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Նոր Նորք վարչական շրջանում՝ Քոչինյան փողոցում, ծառայություն կատարելու ընթացքում  նկատել են մի երիտասարդի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների մոտ կասկած է առաջացրել այն, որ երիտասարդը, տեսնելով պարեկներին, սկսել է տարօրինակ շարժումներ անել, քորելով իր նստատեղն ու ամորձիները:

Երիտասարդը, տեսնելով, որ պարեկները մոտենում են իրեն, արագացրել է իր քայլերը՝ փորձելով պարեկների տեսադաշտից անհետանալ, սակայն դա նրան չի հաջողվել:

Ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները նրան ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ նրա մարմնի տարբեր մասերում հայտնաբերում են կապույտ և սպիտակ գույնի ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված 51 հատ, ընդհանուր 84.04 գրամ յուրահատուկ հոտով զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկվածը Երևանի բնակիչ, 21-ամյա Արման Ս.-ն է, ով հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է  «մարիխուանա» տեսակի թմրանյութ, ձեռք է բերել «Տելեգրամյան» հավելվածի «Կանաչ շուկա» էջից՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում իրացնելու նպատակով:

Դեպքի փաստով Ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Արման Ս.-ի հետ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություներով, Արման Ս.-ն, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր