211652_close_icon
views-count41637 դիտում article-date 11:26 31-07-2023

Երևանում պարեկները հերթական դեպքն են բացահայտել․ Mercedes-ում հայտնաբերվել է գերմանական արտադրության ատրճանակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Պարույր Բաբայանն ու Արթուր Մարկոսյանը ժամը 03։30-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ, ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված ավտոմեքենայի հետևի նստատեղին նկատել են ատրճանակ, ինչի համար էլ Mercedes-ի վարորդին և ուղևորներին ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ 43-ամյա Կարեն Պ․-ն, 37-ամյա Սարգիս Օ․-ն և 38-ամյա Վահան Մ․-ն։

Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Պ․ն-ն բանավոր հայտարարել է, որ ատրճանակը եղել է լիցքավորված։

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին հետագա ընթացքը լուծելու համար, որտեղ էլ պարզվելու է, թե ում է պատկանում ատրճանակը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր