211652_close_icon
views-count83745 դիտում article-date 12:09 22-07-2023

Դատարանը կալանավորել է Արարատի մարզում աղմկահարույց ու ողբերգական ավտովթարի կասկածյալ՝ Mercedes-ի վարորդին․ նա եղել է ոչ սթափ․ կային զոհեր և վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության Արտաշատի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Սարգիս Գ․-ի նկատմամբ, ով կասկածվում է հուլիսի 18-ին Արարատի մարզում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով խոշոր ու ողբերգական ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։

Դատավոր Սարգիս Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է Ն․ Մուրադյանի միջնորդությունը, և Սարգիս Գ․-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է այսօր՝ հուլիսի 18-ին, Արարատի մարզում ողբերգական վրաերթի հետևանքով տեղում մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Infinti, ГАЗель և BMW մակնիշի ավտոմեքենաները, որից հետո մի խումբ քաղաքացիներ օգնություն են ցուցաբերել վթարի մեջ հայտնված վարորդներին, քանի որ բախման հետևանքով Infiniti-ն և ГАЗель-ը դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ 

Այդ ժամանակ Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող Ford Transit-ին։ 

Վթարի հետևանքով վարորդներին օգնության հասած Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Մասիս Ժ-ն վրաերթի հետևանքով տեղում մահանում է։

Դեպքի վայրում հայտնաբերվում է նրա Opel մակնիշի ավտոմեքենան։

Արտաշատի, Մասիսի և Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվում Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Շահեն Խ․-ն, ով վարելիս է եղել Ford Transit-ը, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արտակ Մ․-ն, ով վարելիս է եղել ГАЗель մակնիշի բեռնատարը և Infiniti-ի վարորդ Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Մ․-ն։ 

Հիվանդանոց են տեղափոխվել նաև Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա․-ն, Երևանի բնակիչ 28-ամյա Արտուշ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Աշոտ Կ․-ն, 21-ամյա Գոռ Հ․-ն, 44-ամյա Վարդան Պ․-ն, ով ծառայում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունում, 18-ամյա Արսեն Հ․-ն, 35-ամյա Վիրաբ Պ․-ն, 31-ամյա Հայկազ Ա․-ն, 33-ամյա Գարիկ Թ․-ն, 33-ամյա Գոռ Խ․-ն, 36-ամյա Գոռ Պ․-ն, 41-ամյա Գարիկ Խ․-ն, 36-ամյա Խաչատուր Մ․-ն, ինչպես նաև ևս 1 անձ անգիտակից վիճակում։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր հիվանդանոցում մահացել են 25-ամյա Շանթ Ժ.-ն և 43-ամյա Սարգիս Լ.-ն։

Պարզվել է նաև, որ վրացական համարինշներով Mercedes-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Սարգիս Գ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում մահացած Մասիս Ժ․-ն և հիվանդանոցում մահացած Շանթ Ժ․-ն հարազատ եղբայրներ են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 248+
248+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր