211652_close_icon
views-count655 դիտում article-date 15:24 14-07-2023

«Ձեր քայլը բարեկամական չէ». Արցախի պետնախարարը կհանդիպի Արցախում ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ

Համաժողովրդական շարժման մասնակից արցախցիներն այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտից երթով հասել են օդանավակայանի մոտ, որտեղ ռուս խաղաղապահների տեղակայման վայրն է:  Արցախցիները նախ հանդես եկան հայտարարությամբ՝  ռուս խաղաղապահներից պահանջելով բացել կյանքի ճանապարհը։

Այնուհետև ելույթ ունեցավ նաև ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա  հարց տվեց հավաքված արցախցիներին՝ ասելով, թե կա՞ ավելի լավ բան, քան միասնությունն է։  Հետո Ներսիսյանն ասաց, որ եկել են ռուս խաղաղապահներին և նրանց հրամանատարությանը ներկայացնելու արցախցիների պահանջները։

«Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր հանդեպ ցանկացած լավություն գնահատող և բազմապատիկը ներկայացնող տեսակն է։  Պատերազմից հետո արցախցին մշտապես իր երախտիքի խոսքն է ասել ռուս խաղաղապահ  ուժերին։ Եվ այսօր այստեղ ենք մեկ պահանջով՝ բացեք Արցախի կյանքի ճանապարհը և թույլ տվեք, որ Արցախի զարկերակն աշխատի։ Մենք այստեղ ապրել, մեր երեխաներին, թոռներին կրթել ենք ուզում, արդյոք մենք ավելի՞ն ենք ուզում»,- հարց բարձրացրեց նա:

Գուրգեն Ներսիսյանը նշեց, եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում իր ստանձնած պարտականությունները, դա  չի նշանակում, որ այդ ամենի ծանրագույն հետևանքներն իր վրա պետք է կրի արցախցին։

«Սա ամենևին բարեկամական, ընկերական և գործընկերային չէ, որ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման հետ, բայց տեսնում ենք  ուղղաթիռների ամենօրյա թռիչքներ, սա ամենևին բարեկամական, գործընկերային  չէ»,- նշեց արցախցի պաշտոնյան։

 Պետնախարարը համաժողովրդական շարժման մասնակիցներին տեղեկացրեց, որ մի քանի հոգով կհանդիպեն ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովի, քննարկման մանրամասները կհայտնեն արցախցիներին, որից հետո կորոշեն անելիքները։

«Ասկերանից մեր քաղաքացիներն այս հատվածում վրաններ են տեղադրում, սպասում պահանջի կատարմանը, իսկ մյուս մասը վերադառնում է  Ստեփանակերտ։ Խաղաղապահների համանատարի հետ հանդիպումից հետո մենք կրկին կհավաքվենք Վերածննդի հրապարակում՝ ներկայացնելու մեր հետագա անելիքները»,- ասաց նա։

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր