211652_close_icon
views-count1177 դիտում article-date 13:01 12-07-2023

Հայաստանը հույս ունի, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեխանիզմ ստեղծելու հարցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ լուծված չեն, սակայն հավաստիացրել է, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում։

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի հնարավորինս արագ կայուն խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը օգնելու են Հայաստանի սուվերենությանն ու անկախությանը, պաշտպանելու են երկրի ժողովրդավարությունը։

Անդրադառնալով չլուծված խնդիրներին՝ Գրիգորյանն ասել է, որ ամենառաջնային խնդիրներից մեկն է հստակեցնել սահմանը 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա։ «Մենք պատրաստ ենք  այս տարբերակով առաջ շարժվել։ Վերջնական համաձայնություն չկա, բայց շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, որ հենց 1975 թվականի քարտեզն օգտագործվի, նաև միջազգային մեխանիզմ ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտը և Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները։  Հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի առաջ շարժվենք այս ուղղությամբ»,- ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր հարթակներում ընթացող բանակցությունները փոխլրացնող են։ «Կարելի է ասել, որ բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույնն  է։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է կայունություն ապահովել, և այդ առումով շատ կարևոր եմ գնահատում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը նաև բանակցությունների մասով, որովհետև բանակցություններն առաջ մղելու մեծ ջանք է գործադրվում Վաշինգտոնի կողմից, ինչը մենք գնահատում ենք»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր