211652_close_icon
views-count1093 դիտում article-date 14:17 30-06-2023

Թշնամին ամեն կերպ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. Արցախի Ճանկաթաղ գյուղի բնակիչ․ «Արցախպրես»

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքից օրերս հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթեր էին արձակվել, որի հետեւանքով բնակելի տներ են վնասվել: «Արցախպրես»-ի թղթակիցն այցելել է Ճանկաթաղ համայնք և տեղում ծանոթացել դեպքից հետո բնակիչների շրջանում տիրող տրամադրություններին և գյուղի առօրյային։

«Կրակոցները շարունակվել են նաև գիշերվա ժամերին, կրակում էին հրաձգային զենքով: Վնասվել են տների տանիքներ։ Թշնամին ամեն կերպ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, բայց մենք չենք պատրաստվում գյուղը թողնել ու հեռանալ։ Պատրաստ ենք դիմակայել թշնամու ցանկացած գործողությունների։ Մենք մեր երեխաներին հենց այդպես ենք դաստիարակում, որպեսզի նրանք լինեն հայրենասեր ու անվախ։ Նույնիսկ դպրոցում կրակոցների տակ դասապրոցեսը շարունակում ենք»,-պատմել է գյուղի բնակիչ Վրեժ Խաչատրյանը։

Ճանկաթաղի բնակչուհի Գրետա Ղարիբյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ թշնամական դիրքերից արձակված կրակոցների ժամանակ վնասվել է իրենց բակում գտնվող շինության տանիքը։

«Կրակոցները բավականին ուժեղ էին։ Բոլորս տանն էինք, սկզբում վախեցանք, հետո, երբ ամեն ինչ հանդարտվեց, հանգստացանք»,-ասել է Գ. Ղարիբյանը։ Նա նշել է, որ բանջարանոցներում տարբեր մշակաբույսեր են ցանել, չնայած որ տունը թշնամու ուղիղ նշանառության տակ է գտնվում, և ամեն րոպե կարող են նորից կրակել։

Նմանատիպ նյութեր