211652_close_icon
views-count1420 դիտում article-date 20:11 24-06-2023

Զինված բախումներ կլինեն, բայց քաղաքացիական պատերազմի հավանականությունը քիչ է․ Դավիթ Շահնազարյանը՝ ՌԴ-ում կատարվողի մասին․ «Առերեսում»

«Ռուսաստանը հիմա կրում է շատ լուրջ ներքին ցնցումներ։ Այն, ինչ սկսվել է Ռուսաստանում՝ կանվանեի ապստամբություն կամ ապստամբության փորձ»,– ասաց «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը, որը 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանն էր, իսկ 1994–95 թվականներին գլխավորում էր Ազգային անվտանգության պետական վարչությունը։

Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ կլինեն զինված բախումներ ու չբացառեց, որ այս ապստամբությունը կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի․ «Հնարավոր է, որ դա տեղի ունենա, թեեւ իմ կարծիքով՝ դրա հավանականությունը շատ չէ։ Իմ համոզմամբ՝ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե բանակի ինչքան մաս կմիանա Եվգենի Պրիգոժինին։ Բայց այնուամենայնիվ՝ կարծում եմ, շատ քիչ է հավանականությունը, որ ապստամբները կունենան հաջողություն»։

Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ կատարվածի քաղաքական հետեւանքները շատ մեծ են լինելու Ռուսաստանի համար․ «Իշխանությունը կենթարկվի շատ մեծ կադրային, ու նույնիսկ կառուցվածքային փոփոխությունների։ Մի հանգամանք էլ եմ ուզում նշել․ պարզվում է, որ Ռուսաստանը խորքային պետություն չէ։ Երկու օրինակ բերեմ, որոնք կապված չեն այս իրադարձությունների հետ։ Մոտ 3 շաբաթ առաջ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը՝ խոսելով Ուկրաինայում պատերազմը սկսելու մասին, այսպիսի արտահայտություն թույլ տվեց, թե ո՞ւմ մտքով կանցներ, որ Արեւմուտքն այսպիսի մեծ աջակցություն ցույց կտար Ուկրաինային։ Պատասխանը հետեւյալն է, թե առաջինը հենց ձեր մտքով պետք է անցներ»։

Ենթադրությանը, թե գուցե Վրաստանի նախադե՞պը նկատի ունեին՝ պրն Շահնազարյանն արձագանքեց, որ եթե նույնիսկ դա նկատի ունեին՝ արվել է սխալ հաշվարկ․ «Այս պատերազմը կամ ինչպես իրենք են ասում՝ «հատուկ ռազմական գործողությունը» սկսելու հաշվարկներում Կրեմլում արել են մեկ հիմնարար սխալ ու բոլոր սխալներն արդեն բխել են դրանից։ Այդ հիմնարար սխալն է, որ Կրեմլում վստահ էին, որ համենայն դեպս՝ Արեւելյան Ուկրաինայում՝ Խարկովում, Չեռնիգովում իրենց ծաղիկներով են դիմավորելու։ Եվ այդ դեպքում, իհարկե, շատ ծանր հետեւանքներ կլինեին Ուկրաինայի իշխանության համար»։

Որպես իրավիճակին չտիրապետելու վկայություն՝ Դավիթ Շահնազարյանը նշեց նաեւ երկրորդ օրինակը․ «ՌԴ նախագահը մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ Վրաստանի հետ բացում են օդային կապն ու վերացնում վիզային ռեժիմը։ Երբ այդ հայտարարությունն առավոտյան հայտնվեց՝ անմիջապես զանգեցի Թբիլիսի ու ծանոթներիս, ընկերներիս, որոնք քաղաքականության մեջ են՝ թե իշխանության, թե ընդդիմության՝ հարցրեցի, թե արդեն ցույցեր սկսվե՞լ են այդ հայտարարության դեմ։ Ասացին՝ ոչ, երեկոյան կսկսվեն։ Մի քանի օր հետո եղավ Պուտինի մեկնաբանությունը, թե խիստ զարմացած է, որ Վրաստանում այդպիսի դժգոհություն կար։

Այսինքն՝ Ռուսաստանի բարձր ղեկավարությունն իսկապես բացարձակապես չի տիրապետում ներքին իրավիճակներին։ Հիմա նույնն է Պրիգոժինի հետ կապված։ Խնդիրը պետք էր լուծել։ Պրիգոժինն արդեն ամիսներ շարունակ՝ մի տարի անընդհատ հանդես էր գալիս այս ոճով․ ոչ մի կերպ խնդիրը չլուծվեց ու բերեց սրան»։

Մեր զրուցակցի մտահոգության առարկան սակայն հետեւյալն է․ «Ադրբեջանը կարող է օգտվել սրանից․ սա նոր հնարավորություն է։ Ու ես կասկած չունեմ, որ հենց այս պահին Բաքվում դա են քննարկում՝ Անկարայի հետ միասին, ինչ որ գործողություններ սկսե՞լ, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, Հայաստանի իշխանության կողմից մինչ այս պահը որեւէ արձագանք չի եղել, ինչն ավելի քան զարմանալի է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր