211652_close_icon
views-count727 դիտում article-date 10:24 17-06-2023

CCBE-ն խստորեն դատապարտել է ՀՀ-ում փաստաբանների նկատմամբ բռնությունները և կոչով դիմել Վահագն Խաչատուրյանին

Ի պատասխան, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE) անդրադառնալով 2023թ ընթացքում տեղի ունեցած երկու դեպքերին, խստորեն դատապարտել է փաստաբանների նկատմամբ բռնություններն ու կոչով դիմել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Գրության մեջ մասնավորապես նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ես գրում եմ ձեզ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE) անունից, որը ներկայացնում է 46 երկրների փաստաբաններին ու փաստաբանական միությունները, և նրանց միջոցով ավելի քան 1 միլիոն եվրոպացի իրավաբանների: Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը մեծ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգմանը և հատկապես մտահոգված է ամբողջ աշխարհում իրավապաշտպանների իրավիճակով:

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը իր լուրջ մտահոգությունն է հայտնում Հայաստանում փաստաբանների նկատմամբ վերջին բռնությունների դեպքերի կապակցությամբ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 7-ին մի խումբ ոստիկաններ ծեծի են ենթարկել, խուզարկել և կալանավորել են փաստաբան Կարեն Ալավերդյանին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոն բաժնում՝ որպես փաստաբան իր օրինական գործունեությունը կատարելու կապակցությամբ։ 

Մասնավորապես, հաղորդվում է, որ փաստաբան Կարեն Ալավերդյանը, ով ներկայացել էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոն բաժին ՝ իր պաշտպանյալին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով և փորձել էր կանխել ոստիկանության աշխատակիցների կողմից իր պաշտպանյալի խոշտանգումները, գետնին են գցել, ձեռնաշղթաներ հագցրել, ծեծի ենթարկել, ապա դեմքին փչել են արցունքաբեր գազին նմանվող նյութ։ Մենք գիտենք, որ երբ փաստաբան Կարեն Ալավերդյանը մուտք է գործել ոստիկանության բաժին, ոստիկանները սկզբում խոչնդոտել են նրան հանդիպել իր պաշտպանյալին։ Ի վերջո, երբ փաստաբանը վերջապես մտել է սենյակ, տեսել է, որ մի քանի ոստիկաններ ծեծում են իր պաշտպանյալին։ Այն բանից հետո, երբ նա փորձել է միջամտել ի պաշտպանություն իր պաշտպանյալի, փաստաբանի նկատմամբ բռնություն է գործադրվել։

Ուստի, թեև հաղորդվում է, որ միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ներքին հետաքննություն է սկսել, Կարեն Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել «խուլիգանության» և ոստիկանության օրինական գործողություններին խոչընդոտելու համար։

Մենք նաև գիտենք, որ սա միակ դեպքը չէ։ Հաղորդվում է, որ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության նման դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարին Երևանի մեկ այլ բաժնում։ 

Այս համատեքստում, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը ցանկանում է Ձեր ուշադրությունը հրավիրել Փաստաբանների դերի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար սկզբունքներին (կցվում է), Փաստաբանների գործունեության երաշխիքների մասին 16, 17 և 18 սկզբունքներին և խոսքի և միավորումների ազատության 23-րդ սկզբունքին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը խստորեն դատապարտում է վերոհիշյալ փաստաբանների նկատմամբ բռնության այս գործողությունները, և հորդորում է Ձերդ Գերազանցությանը անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու այդ բռնության դեպքերի լիարժեք և անաչառ հետաքննությունը՝ պատասխանատուներին միջազգային չափանիշներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ի լրումն, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը ցանկանում է հիշեցնել, որ բոլոր փաստաբանները պետք է կարողանան կատարել իրենց մասնագիտական պարտականությունները՝ չվախենալով հաշվեհարդարից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ ոտնձգություններից՝ պահպանելու արդարադատության իրականացման և օրենքի գերակայության անկախությունն ու ամբողջականությունը:

 

Նմանատիպ նյութեր