1350 դիտում
13:35 21-10-2020
«Դատապարտել երեխաների դեմ սանձազերծված բռնությունը». ՀՀ-ի 40-ից ավելի կազմակերպություններ կոչով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ին
Հայաստանի քաղաքացիական հասարակության 40-ից ավելի կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություն-կոչով՝ դիմելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ):
Հայտրարություն-կոչը ներկայացնում ենք ստորեւ.
«Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ:
Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մանդատի վրա, այն է՝ «երաշխավորել բոլոր երեխաների իրավունքներն ամենուր», որում հռչակվում են յուրաքանչյուր երեխայի նկատմամբ կիրառելի համամարդկային և անքակտելի իրավունքներ, ցանկանում ենք կոչ անել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին քայլեր ձեռնարկել և դատապարտել այն բռնությունը, որը սանձազերծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել մարտական գործողություններն ընդդեմ երեխաների և քաղաքացիական բնակչության, ինչպես նաև՝ հավատարիմ մնալ երեխայի կյանքի անշեղելի իրավունքի պաշտպանությանը և լիարժեքորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ, ԼՂՀ) ողջ սահմանի երկայնքով: Առաջին իսկ օրվանից Ադրբեջանն օգտագործում է ծանր և հեռահար հրթիռներ և ավիացիա քաղաքացիական բնակչության դեմ: Հոկտեմբերի 16-ի դրությամբ մարմնական վնասվածք է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9-ամյա աղջնակ, ով սպանվել է իր տան բակում, իսկ նրա երկու տարեկան եղբայրը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադար հայտարարելուց հետո, ադրբեջանական դիվերսիոն խումբը կատարել է Հադրութ քաղաքի բնակիչների սպանություններ: Ինչպես հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նրանց թվում եղել են երկու քաղաքացիական անձինք՝ մայր և նրա հաշմանդամություն ունեցող որդին, ովքեր սպանվել են իրենց տան մեջ:
Ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Ինչպես հայտնի է, կասետային զինամթերքը սարսափելի ազդեցություն է ունենում երեխաների վրա: Ինչպես ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետազոտությունն է ցույց տվել, կասետային ռումբերից տուժողների մոտ 40 տոկոսը երեխաներ են, ովքեր սպանվում կամ մարմնական վնասվածք են ստանում անմիջական մարտական գործողությունների ավարտից երկար ժամանակ անց: Կասետային զինամթերքի ռիսկն հատկապես մեծ է երեխաների համար, քանի որ դրանք չափսերով փոքր են և փայլուն և դրանով իսկ հետաքրքրասիրություն են առաջացնում երեխաների մոտ: Ադրբեջանի կողմից կիրառվող հաջորդ մեթոդը խաղաղ բնակչության թիրախային և պարբերական ահաբեկումն է անօդաչու թռչող սարքերի/դրոնների միջոցով: Դրանց կիրառությունը քաղաքացիական անձանց բնակության վայրերում վերստին ապացուցում է, որ Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորում խաղաղ բնակչությանը: Հոկտեմբերի 14-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք համայնքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերով կատարված այդօրինակ թիրախային հարձակման հետևանքով վիրավորվել է 14-ամյա տղա, ով գնում էր դաշտ՝ կարտոֆիլ հավաքելու: Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը կրկին անգամ թիրախավորեցին ՀՀ Գեղարքունիքի մարզը՝ այս անգամ վնաս պատճառելով Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներին՝ կոտրելով պատուհանները և վնասելով դպրոցների շենքերի պատերը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում ներկայումս արձակուրդ է, և հարձակման պահին շենքերի ներսում երեխաներ չեն եղել: Այնուամենայնիվ, ներսում էին վարչական աշխատողները, ովքեր, բարեբախտաբար, կարողացել են խուսափել վտանգից:
Այն երեխաները, ովքեր մինչ օրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) գյուղական և քաղաքային բնակավայրերում են, ոչ միայն զրկված են կրթության իրավունքից, այլ նաև մշտապես ապրում են մահվան վախի պայմաններում, անգամ երբ ապաստարաններում են: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել է ավելի քան 10 դպրոցի, ինչպես նաև մի քանի մանկապարտեզի հիմնական և օժանդակ շինություն: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) 24,000 երեխա զրկված է կրթություն ստանալու և դպրոց հաճախելու որևէ հնարավորությունից: Դրանից զատ, Հայաստանի Հանրապետության 119 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 10,815 երեխա կյանքի համար վտանգավոր պայմանների պատաճռով զրկված է դպրոց և մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:
Ռազմական հարձակումներին զուգահեռ, քանի դեռ աշխարհի ժողովուրդները պայքարում են մահաբեր ԿՈՎԻԴ-19 վիրուսի դեմ՝ դժվարությամբ դիմակայելով առաջ եկած դժվարություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) նկուղներում և այլ ապաստարաններում մնացած մարդիկ չունեն սոցիալական հեռավորությունը պահպանելու որևէ հնարավորություն, որը նրանց թույլ կտար խուսափել ԿՈՎԻԴ-19-ի տարածումից: Ավելին, նրանց համար սահմանափակ է խմելու ջրի և անհրաժեշտ սանիտարական պայմանների հասանելիությունը, ինչի պատճառով այդ իրավիճակն անհամեմատ ավելի վտանգավոր է դառնում:
Բազմաթիվ կառույցներ, պետությունների առաջնորդներ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ չեզոք դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցող այս շարունակական և անգութ հարձակումների առնչությամբ: 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը) հայտարարություն տարածեց՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ) տիրող իրավիճակի հետ, որում կոչ արեց զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ժամանակ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ).
-հավատարիմ մնալ իր մանդատին և աջակցել յուրաքանչյուր երեխայի կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ անկախ նրա բնակության վայրից և այդ վայրի միջազգային ճանաչումից,
-դիտարկել և փաստաթղթավորմամբ արձանագրել երեխայի իրավունքների խախտման դեպքերը,
-գնահատել երեխաների կարիքներն արտակարգ իրավիճակում մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից,
-դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ սանձազերծված բռնությունը:
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Իրավունքի զարգացման ու պաշտպանության հիմնադրամ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Կրթության Ասպարեզ ՀԿ
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ
Հանրային Լրագրության ակումբ
Գորիսի մամուլի ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Ունիսոն» ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ
«Սոցիալական արդարություն» ՀԿ
Կանանց իրավունքների տուն
«Տաթևիկ» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ
«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ
«Ագաթ» ՀԿ
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
«Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ
Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
«Վստահություն» առողջապահական կազմակերպություն
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Կանանց Համերաշխության հիմնադրամ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Շամս» մարդասիրական ՀԿ
«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն
Նմանատիպ նյութեր
730 դիտում
10:24 17-06-2023
CCBE-ն խստորեն դատապարտել է ՀՀ-ում փաստաբանների նկատմամբ բռնությունները և կոչով դիմել Վահագն Խաչատուրյանին
1592 դիտում
10:13 11-11-2021
Պետքարտուղարությունը դատապարտել է «բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան»․ «Ամերիկայի ձայն»
841 դիտում
13:50 30-05-2023
ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել
Այս բաժնից
880 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1171 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով