211652_close_icon
views-count31161 դիտում article-date 12:54 13-06-2023

Խոշոր հրդեհ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Գրիգորյան» Ա/Ձ-ին պատկանող պոլիէթիլենի արտադրամասում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 69 հասցեում գտնվող Ա/Ձ-ներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 4,  թիվ 1 և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ 

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ 

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Գրիգորյան» Ա/Ձ-ին պատկանող պոլիէթիլենի արտադրամասում։

Հրշեջները նախ կարողացել են կանխել կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել կրակը։ 

Այրվել է 200 քմ տարածքում եղած պոլիէթիլենի հումք, 7 հաստոց՝ ամբողջությամբ և 3 հաստոց՝ մասամբ և տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերն ու կախովի առաստաղը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Եվ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր