211652_close_icon
views-count979 դիտում article-date 13:21 13-06-2023

Բայդենը 1 տարով երկարացրել է Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի գործողությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը:

«Բելառուսի կառավարության առանձին անդամների և այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը և Բելառուսի վարչակարգի վնասարար գործունեությունն ու երկարամյա ոտնձգությունները շարունակում են անսովոր և արտառոց վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար», - ասվում է Բայդենի անունից հրապարակված ծանուցման մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են ևս 1 տարի ժամկետով:

«Այդ պատճառով երկրում 13405 հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը, որի գործողությունն ընդլայնվել է 14038 հրամանագրում, պետք է գործի նաև 2023 թ. հունիսի 16-ից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բելառուսի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ի սկզբանե սահմանվել էին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի կողմից 2006 թվականին:

2006 թ. հունիսի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված ուղերձում Բուշը կարգադրել էր սառեցնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և բելառուսցի 9 բարձրաստիճան այլ պաշտոնյաների ֆինանսական հաշիվները, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելել է որևէ գործարք կատարել նրանց հետ: Պատժամիջոցներ սահմանելու պատճառ էին դարձել Բելառուսի նախագահական ընտրությունները, որոնք ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ճանաչել են ոչ ժողովրդավարական:

Ավելի ուշ՝ 2007-2008 թվականներին, Վաշինգտոնը տնտեսական բնույթի սահմանափակող միջոցներ ձեռնարկեց «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի դեմ։ 2015 թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը դադարեցրեց պատժամիջոցները «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի և նրա հետ կապված նավթաքիմիական ճյուղի 8 ձեռնարկությունների դեմ։

2019 թ. հոկտեմբերին Միացյալ Նահանգները մեկուկես տարով երկարաձգեց բելառուսական նավթաքիմիական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցների կասեցումը։ Որոշումը գործել է մինչև 2021 թ. ապրիլի 26-ը։

2020 թ. հունիսի 11-ին Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարացրեց պատժամիջոցների գործողությունը Բելառուսի մի շարք պաշտոնյաների նկատմամբ։

2021 թ.-ին Բայդենը հրամանագիր ստորագրեց Բելառուսի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմի ընդլայնման մասին, իսկ 2022 թ.-ին նա երկարացրեց պատժամիջոցների ռեժիմը։

Նմանատիպ նյութեր