211652_close_icon
views-count1840 դիտում article-date 20:30 03-06-2023

Երկու մեծ անուն մեկ հասցեում

Երևանի նեղլիկ, բայց միշտ լեցուն Ալեք Մանուկյան փողոցի վրա է գտնվում մի բնակարան, որի հետ են կապվում երկու հավերժ անուն` Էդուարդ և Դավիթ Սարապյաններ։

Հայր և որդի Սարապյանների գործն անգնահատելի է հայ ազգի համար։ Հայրը` Էդուարդը, անվանի ճարտարապետ էր, ՀԽՍՀ վաստակավոր շինարար, Հայաստանում և Հայաստանից դուրս բազմաթիվ շքեղ և բարդագույն ճարտարապետական լուծումների համահեղինակ։

Երևանում մինչ օրս կանգուն են նրա համահեղինակած Թանգարանների շենքը, Կոմպոզիտորների տունը, «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանը և շատ այլ շենքեր և հուշարձաններ։

Սարապյանը համահեղինակ է հանդիսանում նաև Տաշքենդի Արդարադատության պալատի և Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու։



Որդին` Դավիթը, կամ, ինչպես կոչել են նրան սարսափած ադրբեջանցիները, Ահեղ Դևը շարունակել է իր հոր ազգայնանվեր գործը այլ բնագավառում։ Դավիթը Ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ էր, ազատագրական շարժման գործիչ, գրող։

1990 թվականին մեկնել է առաջնագիծ և ընդունվել Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության տակ գտնվող «Անկախության բանակի» շարքերը, ապա ընդգրկվել է «Տիգրան Մեծ» ջոկատում։ Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։

Մեծն Կոմանդոսը հիացած է եղել Դավիթի կրթվածությամբ և գրագիտությամբ, սակայն նշել է, որ այդ ամենի հետ մեկտեղ Դավիթը երբեք չէր ընդգծում իր առավելությունը։ Կոմանդոսի խոսքերում Ահեղ Դևը հիշատակվում էր որպես բանիմաց ռազմիկ, հրաշալի ստրատեգ, ով բարձր մակարդակով էր լուծում իր առջև դրված ցանկացած ռազմական և տակտիկական խնդիր։

1991 թվականի հոկտեմբերի 30-ին Դավիթը մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։



Գրել է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վերածել է սցենարի։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։

Ահեղ Դևը` որպես արժանապատիվ հայորդի, իր վերջին պայքարը մղել է և անձնանվիրաբար զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Նրա աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում (Ձերժինսկի) բացվել է Դավիթ Սարապյանի անունը կրող դասարանը։ Մինչև օրս էլ շենքի պատից կախված տապանաքարն անտարբեր չի թողնում հետաքրքրասեր անցորդներին, ինչը հանդիսանում է ապացույց, որ այդ տանն ապրել են երկու մեծ անունները։

Դավիթ Բաղրամյան

Նմանատիպ նյութեր